02/10/2014 16:39
«Գրական տապանի» մասնակիցները, հնարավոր է, ներառվեն Ադրբեջանի «սև ցուցակում»
Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» հայտարարված անձանց «սև ցուցակում» կարող է ևս 12 անուն հայտնվել: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ օրերս Հայաստանում տեղի է ունեցել «Գրական տապան» միջազգային հինգերորդ փառատոնը, որի ընթացքում արտասահմանցի հյուրերն այցելել են նաև Արցախ:
Այսպիսով ադրբեջանական կողմն առանձնացրել է «պերսոնա նոն գրատա» հայտարարվելու թեկնածուներին՝ Յանուշ Լեոն Վիշնևսկի (Լեհաստատն), Սերժ Վենտուրինի (Ֆրանսիա), Լադիսլավ Վետվիչկա (Չեխիա), Գալինա Կլիմովա (Ռուսաստան), Նիկոլա Մադզիրով (Մակեդոնիա), Մարկո Պոգաչար (Խորվաթիա), Քեյթ Ռոյստեր (Դանիա), Ժիլ Ռոզիեր (Ֆրանսիա), Մեգ Ռոզոֆֆ (Մեծ Բրիտանիա), Քրիստիան Խոբա (Գերմանիա), Վիկա Չեմբարցեվա (Մոլդովա):
Հետաքրքիրն այն է, որ փառատոնում Լեհաստանի ներկայացուցիչ Յանուշ Լեոն Վիշնևսկին և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մեգ Ռոզոֆֆը մյուս գրողների հետ, նախատեսված ծրագրի համաձայն, Արցախ չեն մեկնել:
Չնայած սրան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նրանց ևս ներառել է «սև ցուցակում» հայտնվելու հավանական թեկնածուների մեջ:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» են հայտնվում այլ պետությունների բոլոր այն քաղաքացիներն, ովքեր ինչ-որ կերպ բարձրաձայնում են, որ այցելել են Արցախ:
Հիշեցնենք, որ «Գրական տապան» փառատոնն այս տարի անցկացվում էր արդեն 5-րդ անգամ: Միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Նախորդող հրապարակումներ՝ «Գրական տապանը» մեկնարկում է. Հայ և եվրոպացի գրողները կհանդիպեն Երևանում
Գրական Տապան 2014. Սերժ Վենտուրինի. Ես ինձ նաև հայ գրող եմ համարում