02/10/2014 14:09
ՀԱՊԿ-ն կունենա սեփական օդուժը
Այսօր ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի նիստում քննարկվել է Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման հարցը:
Rg.ru-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
Նա նշել է, որ Հավաքական ավիացիոն ուժերի մեջ են մտնելու անդամ-երկրների ռազմաօդային, հատուկ ավիացիայի, ՆԳ ուժերի, ներքին զորքերի, հատուկ ծառայությունների և այլ ստորաբաժանումներ:
Նրա խոսքով, յուրաքանչյուր երկրի կողմից տրամադրվող օդուժի քանակի, տեղակայման վայրի և անձնակազմի թվաքանակի հարցերը ճշտվում են:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
2009թ. փետրվարի 4-ին Հայաստանի նախագահության ներքո Մոսկվայում գումարված ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նստաշրջանում որոշում կայացվեց` Կազմակերպության շրջանակներում օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր (ՕԱՀՈւ)ստեղծելու վերաբերյալ, որոնց նպատակը կլինի` անդամ պետությունների հանդեպ ռազմական ագրեսիայի կասեցումը, միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետ պայքարի հատուկ գործողությունների անցկացումը, ինչպես նաև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:
ՀԱՊԿ ՕԱՀՈւ կազմում ընդգրկելու նպատակով անդամ պետությունների, այդ թվում նաև Հայաստանի զինված ուժերի և հատուկ նշանակության ուժերի կազմից հատկացվել են զինվորական միավորումներ և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ:
Զինվորական միավորումներ ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈւ կողմից նաև հատկացվել են` ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկելու նպատակով: