02/10/2014 20:08
Միջազգային պատժամիջոցներն ու դրանց հոգեբանական հետևանքները
Ընդհանրապես հակամարտությունների առաջացրած հետևանքների վերաբերյալ գրեթե բոլոր ուսումնասիրությունները հավաստում են, որ բազմաթիվ բացասական, կործանարար, աղետաբեր դրսևորումներին զուգահեռ՝ դրանք կարող են ունենալ նաև դրական արդյունքներ. հատկապես ընդգծվում են միջազգային հակամարտությունների դեպքում` պետությունների առանձին խմբերի համախմբան, ընդհանուր վտանգին միասնաբար դիմակայելու մարդկության հավաքական հատկանիշներն, իսկ առավել նեղ մակարդակներում՝ առանձին պետական միավորի հասարակության ընդհանրապես, կամ նրա մասնակի խմբերի միավորման, արժեհամակարգերի վերանայման և այլ բարոյահոգեբանական նրբությունները. վերջին դեպքում, անշուշտ, բավականաչափ կարևոր է պետություններում իշխող վարչակարգերի կողմից գրագետ քարոզչական, հոգեբանական, հասարակական-քաղաքական գործելաոճի որդեգրումը:
Միջազգային իրավունքի նորմերը խախտող, միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը սպառնացող պետության, ինչպես նաև` սեփական բնակչության, կամ նրա առանձին խմբերի դեմ խտրական քաղաքականություն վարող վարչակարգերի դեմ նույն միջազգային հանրությունը դեռևս ավելի լավ միջոց չի հայտանագործել, քան տնտեսական, քաղաքական պատժամիջոցների կիրառումն է, իսկ առավել գլոբալ վտանգի դեպքում՝ ռազմական միջամտության իրականացումը:
Այս համատեքստում, մի քանի վառ օրինակներ արդի աշխարհաքաղաքական զարգացումներից. նախ, ասենք, սիրիական ճգնաժամը, երբ Արաբական հանրապետությունում իշխող վարչակարգի դեմ հանդես եկող մերձավորարևելյան և արտատարածաշրջանային շուրջ 5 տասնյակ դերակատարների մինչ օրս չի հաջողվում առանց ուղղակի միջամտության հասնել ավելի քան 4 տասնամյակ երկիրը ղեկավարող, ալաուիական փոքրամասնություն հանդիսացող Բաշար ալ-Ասադի և նրա գլխավորած իշխանությունների տապալմանը. ավելին՝ ս.թ. հունիսին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում ալ-Ասադը շուրջ 89 % քվեով երրորդ անգամ ընտրվեց ՍԱՀ նախագահի պաշտոնում:
Կամ արդեն ավելի քան 3 տասնամյակ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ շարունակվող միջազգային մեկուսացման քաղաքականությունը, որն իր գագաթակետին հասավ 2012-2013 թթ., և այս ողջ ընթացքում, ինչ-որ առումով, նաև հակառակ ազդեցությունն ունեցավ՝ պատճառ և միաժամանակ խթան հանդիսանալով, հիմնականում, ինքնաբավ տնտեսություն, ազգային-կրոնական խայտաբղետ կազմով, այնուամենայնիվ, համախմբված բնակչություն ունեցող տարածաշրջանային ազդեցիկ տերության ձևավորման համար:
Եվ, իհարկե, այս առումով, ամենահատկանշական օրինակը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության իշխանությունների քաղաքական ուղեգծի դեմ արևմտյան և ասիական մի քանի տասնյակ պետությունների կողմից տևական ժամանակահատված շարունակ իրագործվող քաղաքականությունն է, ինչի հակադարձ ազդեցությունն այնքան ակնառու է, որ տպավորություն է ստեղծվում, թե շուրջ 25 մլն բնակչություն ունեցող Հյուսիսային Կորեան գտնվում է բոլորովին այլ մոլորակի վրա, իսկ միջազգային հանրության կողմից ամենամեկուսացված պետության իշխանությունները կուռքի և պաշտամունքի առարկա են դարձել սեփական ժողովրդի և հասարակության համար:
Միջազգային մեկուսացման քաղաքականության ոչ այնքան արդարացված արդյունքներ են ուրվագծվում նաև ՌԴ-ի պարագայում. շուրջ կես տարի է, ինչ ուկրաինական հիմնախնդրով և հատկապես Ղրիմի հիմնահարցով պայմանավորված՝ միջազգային քաղաքական և տնտեսական պատժամիջոցների թիրախում է հայտնվել աշխարհի գերտերություններից Ռուսաստանն: Իհարկե, Մոսկվայի պարագայում, պատժամիջոցների կիրառման քաղաքականությունն իրականացվում է առավել զգուշավոր ճանապարհով՝ բնականաբար հաշվի առնելով նման քայլերի հակադարձ ազդեցությունը դրանք կիրառող Արևմուտքի և հատկապես՝ եվրոպական պետությունների համար:
Ինչ խոսք, այդ պատժամիջոցների ազդեցությունն արդեն իսկ որաշակիորեն զգացնել է տալիս ռուսաստանյան ներքին կյանքի տարբեր բնագավառների վրա, որն արտացոլվում է նաև շարքային ռուսաստանցու առօրյա կենցաղի միջոցով:
Մինչդեռ հսկայածավալ տերության դեմ իրականացվող քաղաքականության ազդեցությամբ ռուսական հասարակության շրջանում ծավալվող գործընթացները, հատկապես բարոյահոգեբանական տեսանկյունից, ոչ ավել, ոչ պակաս նպաստում են ռուսական ոգու «զարթոնքին»:
Ուկրաինացի եղայրական ժողովրդին օգնելու, աջակցելու քաղաքականությունը, Ղրիմը վերադարձնելու հանգամանքը, երկրագնդի տարբեր հատվածներում և հատկապես Մերձավոր Արևելքում առկա հիմնախնդիրներում պաշտոնական Մոսկվայի կարծր և սկզբունքային դիրքորոշումն աննախադեպ մակարդակի է բարձրացրել ռուսաստանյան իշխանությունների և նախագահ Պուտինի հեղինակությունը երկրի ներսում: Ավելին, ռուսաստանցին և հատկապես ռուսը, կարծես, գտել է Արևմուտքին հակադարձելու սեփական եղանակները՝ վերարժեվորելով «ամենազոր» հայրենիքը, նրա անսահման կարողությունները, նրա բնական հարստությունները, արտադրությունը, հանգստի գոտիները և այլն: Եվ այս իրողությունն այնքան ակնհայտ է, որ շատ կարճ ժամանակամիջոցում իր ազդեցությունն է թողել ռուսաստանցու մտածելակերպի, նրա աշխարհընկալման, նաև վարվելակերպի վրա, իսկ դրան, ինչ խոսք, մեծապես նպաստում է նաև ռուսական իշխանությունների կողմից իրականացվող հոգեբանական-քարոզչական խելացի քաղաքականությունը:
Այս համատեքստում, իհարկե, եթե տնտեսական պատժամիջոցների, միջազգային քաղաքական մեկուսացման հետևանքով արտաքին զարգացումներում Ռուսաստանի առժամանակյա նահանջն անժխտելի է, ապա, միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական գործընթացների լուսանցքում հայտնվելուն, տնտեսական դժվարությունների առաջացրած մարտահրավերներին զուգահեռ, անխուսափելի է նաև երկրի ներսում նախագահի և նրա թիմի վարկի աճն աննախադեպ թափով: