02/10/2014 11:46
Արցախյան գինու փառատոն կանցկացվի
Արցախում կանցկացվի գինու փառատոն: Արցախյան գինու առաջին փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանի Տող գյուղում: Այն կոչված է աշխուժացնելու Հարավային զբոսաշրջային երթուղու վրա գտնվող համայնքների զարգացումը` զբոսաշրջության միջոցով, ինչպես նաև դրական ազդեցություն թողնելու ԼՂՀ զբոսաշրջության զարգացման վրա:
Փառատոնը, որի նախաձեռնողն է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը, կարևորվում է նաև արցախյան գինեգործության ավանդույթների վերծանման տեսանկյունից: Արցախյան գինու արտադրողների, ինչպես նաև ՀՀ գինեգործների համար այս տարվանից ստեղծվում է մի հարթակ, որտեղ հնարավորություն է ընձեռնվում կազմակերպել իրենց արտադրության վաճառքը, իրականացնել փորձի փոխանակում, գովազդել իրենց արտադրությունը և այլն:
Փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում է գինեգործության հնագույն և ինքնատիպ ծիսակատարությունը` տաշտում գինի ճզմելը, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների ցուցադրություն և իհարկե գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացված են լինելու Արցախի 5 շրջանների և Հայաստանի գինիները: Իսկ փառատոնի խորհրդին համահունչ կազմված մշակութային ծրագիրը հաճելի ու անմոռանալի պահեր կպարգևի մասնակիցներին: