15/10/2014 18:52
«Հարսանիքս կլինի Հայաստանում». Արթուր Աբրահամ
Սեպտեմբերի վերջին պրոֆեսիոնալ ռինգի հայ վարպետ Արթուր Աբրահամը, Գերմանիայի հարազատ մրցաբեմում հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին, երկրորդ անգամ պաշտպանեց բռնցքամարտի WBO կազմակերպության վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այդ մենամարտի արդյունքը տարաբնույթ մեկնաբանություններ առաջացրեց հատկապես նրա մրցակցի ճամբարում: Անգլիացիների հայտարարությունների, ռևանշ հանդիպման հնարավորության, ինչպես նաև անձնական կյանքում եղած լուրջ փոփոխությունների մասին Life.panorama.am-ին պատմեց ինքը՝ չեմպիոնը:
-Արթուր, նախ և առաջ շնորհավորում ենք Ձեզ հաղթանակի կապակցությամբ: Վերջերս արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ հայտարարել եք, թե պատրաստ եք մենամարտել ցանկացած մրցակցի հետ, բայց միայն Եվրոպայում: Ձեզ հարմարավետ չե՞ք զգում ամերիկյան ռինգում:
-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար…Ճիշտն ասած՝ նման հայտարարություն չեմ արել: Ես ցանկացած պահի, ցանկացած տեղում պատրաստ եմ մենամարտել ցանկացած բռնցքամարտիկի հետ: Ինձ համար տարբերություն չկա, շատ մենամարտեր եմ ունեցել և՛ Ամերիկայում, և՛ Եվրոպայում: Թեև, ցանկալի է Եվրոպայում, որովհետև Ամերիկայում խարդախություններ շատ են լինում:
-Ջորջ Գրոուվզի և Միկել Կեսլերի անունները պատահական ե՞ք արծարծել, թե՞ հավանական է հանդիպեք նրանց:
-Երկուսի հետ էլ հանդիպումը հավանական է, ինչո՞ւ պետք է հավանական չլինի: Դեռևս ուղղակի խոսակցություններ են, ստույգ ոչինչ չկա, այդ պատճառով չեմ ցանկանա ավելին ասել:
-Ձեր հետ վերջին մենամարտից հետո բրիտանացի Փոլ Սմիթը հայտարարեց, որ համամիտ չէ իր պարտության վերաբերյալ մրցավարների վճռին և պատրաստվում է բողոքարկել այն: Այդ մասին ի՞նչ նորություններ կան՝ ռևանշ հանդիպման անցկացումը հնարավո՞ր է:
-Նա համամիտ էր մրցավարների արձանագրությունում նշված 117:111 հաշվի հետ, պարզապես 119:109-ի հետ համամիտ չէր: Խնդիր չկա, մենք իրեն կառաջարկենք ևս մեկ մենամարտ, որպեսզի նորից համոզվի: (Ժպտում է)
-Չեք բացառել, որ կարող եք արդեն 4-րդ մենամարտն անցկացնել Ռոբերտ Շտիգլիցի հետ: Դա չի՞ ձանձրացնի երկրպագուներին:
-Նոյեմբերի 8-ին նա մրցելու է Ֆելիքս Շտուրմի հետ, որից հետո՝ 2015 թվականին, ես կմենամարտեմ հաղթողի հետ: Ինչ վերաբերում է ձանձրացնելուն, ինձ թվում է՝ բռնցքամարտի սիրահարների համար նման լավ մենամարտերը չեն կարող ձանձրալի լինել:
-Ի դեպ, մենամարտերը դուք մեծամասամբ հաղթանակով եք ավարտում: Ձեզ համար է՞լ հետաքրքրությունը չի կորել:
-Ինչպե՞ս կարող են հաղթանակները ձանձրացնել: Դրանք արյան և քրտնաջան աշխատանքի շնորհիվ են ձեռք բերվում:
-Արթուր, ինչքա՞ն ժամանակով եք Հայաստան եկել:
-Երեք շաբաթով:
-Գործնակա՞ն հարցերով, թե՞…
-Հանգստանալու եմ եկել, հատուկ նպատակներ չկան:
-Ի տարբերություն դրսում գտնվող շատ հայերի՝ դուք հաճախ եք Հայաստանը կարոտում:
-Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ ծննդավայրը, այդ պատճառով էլ հաճախ եմ գալիս և միշտ փորձում եմ՝ որքան հնարավոր է՝ երկար մնալ Հայաստանում: Իմ հողն ու ջուրն ուրիշ է:
-Նաև նկատել եմ, որ միշտ էլ բոլոր այն հայերի կողքին եք, ովքեր որևէ երկրում որևէ առիթով հնարավոր է հայկական դրոշը բարձրացնեն: Դա հայրենասիրությո՞ւն, թե՞ ընկերասիրություն է:
-Երկուսն էլ… Իմ կարծիքով դա յուրահատկություն, առանձնահատկություն չէ, այլ նորմալ երևույթ է: Բոլորս պարտավոր ենք մեկ-մեկու կողքի լինել, աջակցել ու ոգևորել:
-Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ ընկերասեր եք: Ձեր մտերիմ ընկերները Ձեր ասպարեզի՞ց են:
-Ես շատ ընկերներ ունեմ՝ տարբեր բնագավառի: Կարևորը՝ լավ մարդ լինի, լավ ընկեր…
-Ասում են, երբ շատ ես նվիրվում, հիասթափությունն ավելի մեծ է լինում… Նման զգացում ունեցե՞լ եք:
-Ես հիասթափվում եմ խաբեբա և ընկերության մեջ մաքրություն չպահպանող մարդկանցից: Նման դեպքեր ժամանակին եղել են իմ կյանքում, բայց շատ քիչ:
-Ընկերներից խոսեցինք, ընկերուհիներին չանտեսենք… Կարծեք թե աղջիկների հարցում բծախնդիր եք, այո՞:
-Այո, բծախնդիր եմ, բայց նաև մեծահոգի (ժպտում է): Կարծում եմ, բոլոր տղամարդիկ են այդպիսին:
-Ձեր երկրպագուհիներին հաճախակի թեթև «նոկդաունի» եք ենթարկում՝ հայտարարելով մոտալուտ ամուսնության մասին, բայց…
-Ես վաղուց արդեն իմ ընտրությունը կատարել եմ:
-Հայուհի՞ է:
-Անկասկած:
-Երբ որոշեք ամուսնանալ, հարսանիքը Հայաստանում՝ հայկական ավանդույթներո՞վ է լինելու, թե Գերմանիայում:
-Լինելու է Հայաստանում, ոչ շատ հին, բայց ոչ էլ շատ ժամանակակից ավանդույթներով (ծիծաղում է):
-Դեռ չե՞ք մտածում սեփական մարզադպրոց ունենալու ուղղությամբ:
-Ամեն ինչ իր ժամանակն ունի, ես հիմա այդքան ժամանակ չունեմ, որ մարզադպրոց բացեմ: Այժմ նախընտրում եմ ամբողջովին իմ գործին նվիրվեմ, որպեսզի լավ արդյունք ունենամ: Երբ կարիերաս ավարտեմ, անպայման կմտածեմ նաև մարզադպրոցի մասին:
-Իսկ այդ ավարտն արդեն ուրվագծվո՞ւմ է:
-Կարծում եմ՝ դեռ մի քանի տարի ունեմ: