15/10/2014 19:27
Լուսինե Թովմասյանը դուստր է ունենալու. Բացառիկ լուսանկարներ
Մայրությունը բոլոր կանանց ամենամեծ տիտղոսն է: Վերջերս տեղեկացել էինք, որ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի ընտանիքում համալրում է սպասվում: Life.panorama.am-ի հետ զրույցում Լուսինեն հաստատեց տեղեկատվությունը և նույնիսկ ավելացրեց՝ դստրիկի: Փոքրիկը լույս աշխարհ կգա մոտ երեք ամսից՝ դառնալով ծնողների ամանորյա ամենահիշարժան պարգևը: Նորաթուխ ծնողները դեռևս չեն որոշել աղջնակի անունը: Ի դեպ, հայկական ավանդական տարբերակը՝ տատիկների անունները, նրանց ցուցակում տեղ չեն գտել:
Վերջին շրջանում հայ հայտնիները մայրության բերկրանքը նախընտրում են վայելել ԱՄՆ-ում՝ այդ հսկա երկրին ևս մեկ քաղաքացի պարգևելով, սակայն Լուսինեի և Արթուրի աղջիկը կծնվի Հայաստանում. «Թեև հնարավորություն ունենք Միացյալ նահանգներ մեկնելու, բայց որոշել ենք, որ մեր աղջիկը Հայաստանի քաղաքացի կլինի, քանի որ իմ մտերիմները, ընկերները, հարազատներն այստեղ են: Սա է իմ քաղաքն ու հայրենիքը»,- նշեց գեղեցկուհին:
Ապագա մայրիկից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է անցնում հղիության ընթացքը: Նրա իսկ խոսքերով՝ ամեն ինչ ընթանում է շատ հեշտ ու շատ լավ: Նույնիսկ յոգայի պարապմունքների է հաճախում, որպեսզի իրեն թեթև զգա:
Թեև ասում են՝ առաջինն ինչ ուզում է լինի, երկրորդը՝ հակառակը, սակայն, երբեմն, ծնողները հոգու խորքում այս կամ այն սեռի բալիկ են երազում. «Անկեղծ ասած՝ մեր երազանքը համընկել է իրականությանը: Երկուսս էլ շատ էինք ուզում աղջիկ ունենալ: Իմ դեպքում պարզ է, թե ինչու եմ դուստր ուզում, իսկ ամուսնուս երազանքի պատճառն այն էր, որ իրենք երկու եղբայր են և իրենց բարեկամների շրջանակում էլ մեծամասամբ տղաներ են: Ամուսնուս հայրը, մայրը, եղբայրը երազում էին, որ աղջիկ լինի մեր առաջնեկը»,-ուրախությունը մեզ հետ կիսեց և անկեղծացավ Լուսինե Թովմասյանը: