16/10/2014 15:55
«Մանկական եվրատեսիլ-2014»-ի տեսահոլովակը «սելֆի վիդեո» տարբերակով է արվել
«Մանկական եվրատեսիլ- 2014» մրցույթի հայաստանյան երգի տեսահոլովակն առաջին անգամ հայկական երգարվեստում նկարահանվել է «սելֆի վիդեո» տարբերակով, իսկ նկարահանողը ոչ ավելի ոչ պակաս մրցույթում այս տարվա հայաստանյան պատվիրակ Բեթթին է: Այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեսահոլովակը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ: Հայաստանն այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արեւի մարդիկ» (People of the sun) երգով: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը:
«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա: