17/10/2014 20:34
Մոսկվայի և Թբիլիսիի միջև լարվածությունը չպետք է վտանգի Հայաստանի շահերը
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից և իր տարածքում դաշինքի ուսումնամարզական կենտրոնի ստեղծումից:
Սեպտեմբերին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդունված ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության նոր փաթեթի համաձայն, Վրաստանի տարածքում ստեղծվելու է կենտրոն, որտեղ մարզվելու են ինչպես վրացի զինծառայողները, այնպես էլ դաշինքի անդամ երկրների զինվորները:
Մինչ այդ, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների ստեղծումը կարող է վտանգել իրավիճակը Անդրկովկասում:
Պետք է նշել, որ ռուսական կողմը ելնելով Թբիլիսիի եվրոատլանտյան ձգտումներից և ՆԱՏՕ-ի հետ վերոնշյալ պայմանավորվածություններից փորձում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում:
Օրերս Մոսկվայի կողմից դիվանագիտական խողովակներով Աբխազիայի խորհրդարան է փոխանցվել Ռուսաստանի հետ «Համագործակցության և ինտեգրացիայի» մասին համաձայնագիրը:
Համաձայնագրի 5-րդ կետով առաջարկվում է ստեղծել Ռուսաստանի և Աբխազիայի ԶՈւ-ի միասնական խմբավորում՝ ագրեսիան հետ մղելու համար:
Բացի այդ, փաստաթղթով նախատեսվում է ստեղծել միասնական պաշտպանական ենթակառուցվածք և սահմանի համատեղ պաշտպանություն:
Փաստաթղթում նշվում է, որ եթե կողմերից մեկը հարձակման ենթարկվի, ապա դա կհամարվի հարձակում նաև մյուս կողմի վրա: Ռազմական դրության դեպքում Ռուսաստանը կստանձնի հրամանատարությունը:
Ռուսաստանը 2008թ.-ի հնգօրյա պատերազմից հետո ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և այնտեղ տեղադրեց իր ռազմակայանները ու ստանձնեց Աբխազիայի և Հվ. Օսիայի սահմանների անվտանգության ապահովումը:
Ռուսաստանի, Աբխազիայի և Հվ.Օսիայի միջև ստորագրված համաձայնագրերը թույլ են տալիս Մոսկվային 49 տարի շարունակ պահպանել իր ռազմական ներկայությունը այդ տարածքներում:
Աբխազիայում տեղակայվեց ռուսական 3700 հոգանոց զորախումբը, իսկ աբխազա-վրացական և վրաց-հարավ-օսական սահմանների վերահսկողությունը ստանձնեցին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ստորաբաժանումները: Հարավային Օսիայի տարածքում ռուսական ռազմակայանները տեղակայված են Ցխինվալում և Ջավայում:
Բացի այդ, Մոսկվան ֆինանսական, դիվանագիտական, հումանիտար և այլ տեսակի աջակցություն է ցուցաբերում Սուխումիին և Ցխինվալին, հեշտացնում աբխազների և օսերի մուտքը Ռուսաստանի տարածք, քանի որ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության մեծամասնությունը ունի ռուսական քաղաքացիություն:
Ռուսաստանի ռազմական դոկտրինի 20-րդ կետի համաձայն, Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում կիրառել ԶՈւ-րը իր կամ դաշնակիցների նկատմամբ իրակացված ագրեսիան կանխելու, ինչպես նաև Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար:
Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում նկատվող սրացումը, պայմանավորված այդ թվում Թբիլիսիի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ, չպետք է անդրադառնա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների վրա: 2008թ.-ի հարավօսական հնգօրյա պատերազմի ժամանակ Երևանը կարողացավ զերծ մնալ այդ հակամարտությանը որևէ ձևով ներքաշվելուց և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը ոչ մի կերպ չմիջամտեց պատերազմի ընթացքին: Հայաստանը պետք է կառուցի իր անվտանգային համակարգը, այդ թվում Վրաստանի հետ հարաբերությունները՝հնարավորինս զերծ մնալով տարածաշրջանում նոր, բաժանարար գծերի մաս դառնալուց:
Հայ-վրացական հարաբերությունների խորացումը կարևորվում է թե Երևանի, թե Թբիլիսիի կողմից: Այս տարվա հունիսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Վրաստան և հանդիպել վրացական ղեկավարության հետ: Օգոստոսին երկօրյա այցով Երևանում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ով հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հայ-վրացական համագործակցության կարևոր բաղկացուցիչն է էներգետիկ-կոմունիկացիոն համագործակցությունը: Հայաստանի համար Վրաստանը կարևոր տարանցման երկիր է, յուրօրինակ պատուհան դեպի արտաքին աշխարհ և այդ երկրի տարածքով են անցնում հայկական տնտեսության համար կենսական նշանակության կոմունիկացիաները՝ երկաթգիծ, որը Հայաստանը կապում է սևծովյան Բաթում և Փոթի նավահանգիստների հետ, Ռուսաստանի հետ կապող ավտոմայրուղին՝ դեպի Վերին Լարս, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան գազամուղի մի հատվածը:
Ինչ վերաբերվում է Վրաստանի հետաքրքությանը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով, ապա Թբիլիսին հետաքրքված է Հյուսիս-Հարավ ծրագրի կյանքի կոչմամբ: Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհը կապահովի Հայաստանի հարավային սահմանից երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ:
Վրացական կողմը հետաքրքված է նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմամբ, քանի որ այդ դեպքում Վրաստանը օգտագործելով Հայաստանի տարանցման հնարավորությունները կկապվի Իրանի բազմամիլիոնանոց շուկայի հետ և դուրս կգա դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ: 2013 թ.-ի արդյունքներով հայ-վրացական ապրանքաշրջանառությունը կազմել է $151,9 միլիոն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելանալով 26,9 %-ով: