18/10/2014 15:40
Հովհաննես Իգիթյան. ԵԽԽՎ զեկույցով ցանկանում են փոխել ԼՂՀ կոնֆլիկտի իմաստը
Այդ փաստաթղթի անվանումն արդեն իսկ սարսափելի է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը» զեկույցին՝ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
«Անհեթեթ փաստաթուղթ է, որը խոսում է այն մասին, թե ԼՂՀ-ում լարվածությունն առաջացրել է Հայաստանը: Այսինքն՝ այդ փաստաթղթով ուզում են փոխել կոնֆլիկտի իմաստը: Ուզում են ասել, թե խեղճ ու կրակ Ադրբեջանն ապրում էր Հայաստանը հարձակվեց Ադրբեջանի վրա և գրավեց Լեռնային Ղարաբաղը և այլ տարածքները»,- նշեց փորձագետը:
Ըստ Իգիթյան՝ զեկույցի անվանումը միանգամից «երկնքից չի իջել»: Նրա համոզմամբ՝ այն պատահականությունների շարքից չէ և նման բանաձևերը ընդհանրապես երկար են քննարկվում:
«Զարմանում եմ, թե հայկական պատվիրակությունը ինչու՞ այդ մասին չի բարձրաձայնում, ահազանգում: Մենք այդ մասին նոր ենք իմանում»,- ասաց նա:
Փորձագետի խոսքով՝ այս ամենի համար պատասխանատվություն է կրում ոչ միայն Հայաստանի անպատասխանատու դիվանագիտությունը, այլև ԵԽԽՎ-ում բացարձակ անգործության մատնված հայկական պատվիրակությունը:
«ԵԽԽՎ-ում մշտական ներկայացուցչություն ունենք, ունենք նաև համապատասխան գրասենյակ, որը բացարձակ անգործության է մատնված: Այդ մարդիկ մեր գումարներով գնում են ԵԽԽՎ, բայց մենք հիմա այսպիսի փաստի առաջ ենք կանգնած»,- ասաց նա:
Իգիթյանի կարծիքով՝ նման զեկույցի հիմք են հանդիսացել այսօր երեք հիմնավոր պատճառներ:
Առաջինն, ըստ նրա, Հայաստանի բացահայտ պրոռուսական քաղաքկանությունն է, երկրորդը՝ իշխանությունների անտարբերությունը, իսկ երրորդը՝ մեր պատվիրակության աշխատանքը:
«Ռուսաստանը ագրեսոր երկիր է համարվում, որի դեմ այսօր պատժամիջոցներ են կիրառվում: Առաջին անգամ ամբողջ աշխարհը միավորվել է ընդդեմ Ռուսաստանի: Նույնիսկ նացիստական Գերմանիայի դեմ նման պատժամիջոցներ չեն կիրառվել, անգամ Իրանի… Իսկ Հայաստանն այս իրավիճակում գնում ոչ միայն կանգնում է Ռուսաստանի կողքին, այլև որոշ իշխանավորներ ոգևորված հայտարարում են Ղրիմի ինքնորոշման մասին: Հենց դրանով էլ վարկաբեկեցին Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարը, իսկ ԵԽԽՎ-ում Ադրբեջանը հենց սա օգտագործեց: ԵԽԽՎ-ում բոլոր անդամ երկրներն, ըստ էության, դատապարտում են Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: Ադրբեջանը կարողացավ հենց Ղրիմի բանաձևը օգտագործելով ազդել Արցախի հարցի վրա»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանն, ապա փորձագետի կարծիքով այն 2008 թվականից զաբղվում է միայն Հայաստանի իշխանություններին արդարացնելով:
«Արդարցնում են քաղբանտարկյալների առկայությունը, ժողովրդավարության պակասը, ընտրությունների կեղծիքը: Սա է միայն եղել մեր պատվիրակության աշխատանքը: Պարզ է, որ դրանով արժեզրկվել է հայկական պատվիրակների խոսքը: Այն նույն մարդը, ով չի խոսում է Հայաստանի քաղբանտարկյալների մասին, խոսում է միայն Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին: Իսկ դա արդեն աբսուրդ է: Այդ իսկ պատճառով հայկական կողմին համարում են կողմնակալ՝ ոչ չեզոք»,- ընդգծեց Հովհ. Իգիթյանը:
Միաժամանակ նա նշեց՝ չի ցանկանում պատվիրակության անդմաներին նեղացնել, բայց ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդգրվելու համար շատ կարևոր չափանիշ է լեզուների իմացությունը:
«Իհարկե, թող չնեղանան Հայաստանի պատվիրակները, բայց շատերի համար հայկական պատվիրակությունն իր տեղում չի գտնվում: Ոչ թե նրա համար որ նրանք վատն են, կամ կրթություն չունեն և այլն, այլ որովհետև լեզու չգիտեն: ԵԽԽՎ-ում գործում է երկու աշխատանքային լեզու՝ անգլերենն ու ֆրանսերենը և այնտեղ ուղարկել մարդկանց, ովքեր այդ լեզուներին չեն տիրապետում՝ մեծ բացթողում է, էլ չեմ ասում, որ ԵԽԽՎ գործընկերների հետ նրանք պետք է հաճախակի շփվեն բանավոր: Ինչպե՞ս նրանք պետք է աշխատեն պատվիրակության մյուս անդամների հետ, եթե լեզու չգիտեն»,- ասաց նա:
Հովհաննես Իգիթյանը տարօրինակ համարեց նաև այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող կառույցները որևէ կերպ չարձագանքեցին այս զեկույցին: