18/10/2014 16:42
ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ գնաճի սեղմման միջոց
2014թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդի հետ:
Արժույթի միջազգային հիմնադրամը ստեղծվել է 1944 թ. հուլիսի 22-ին: ԱՄՀ-ի կազմակերպման հիմնական նպատակն էր կայունացնել փոխարժեքները և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աջակցել միջազգային վճարային համակարգի վերակառուցմանը աշխարհում:
ԱՄՀ կապիտալը ձևավորվում է անդամ-պետությունների ավանդներից: ԱՄՀ յուրաքանչյուր անդամ-պետություն վճարում է անդամավճար, որն անվանվում է «քվոտա» (չափաքանակ): Քվոտան հիմնականում որոշվում է անդամ-պետության արտադրած ՀՆԱ-ի մեծությամբ և պաշտոնական ռեզերվով (պահուստով): Քվոտաները թույլ են տալիս հաշվարկելու անդամ-պետության ձայների քանակը: Անդամավճարները ձևավորում են ԱՄՀ-ի ֆոնդը: Այսօր ԱՄՀ անդամ են համարվում աշխարհի 184 երկրներ:
Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Արժույթի միջազգային հիմնադրամին 1992թ. ապրիլի 28-ին: Հայաստանի քվոտան հավասար էր 92.0 միլիոն ՀՓԻ (Հատուկ փոխառության իրավունք):
2010թ.-ից Հայաստանի Հանրապետության քվոտան բարձրացվել է և այժմ այն կազմում է 128.8 միլիոն ՀՓԻ: Քվոտաների փոփոխությունն առաջին հերթին ազդում է տվյալ պետության պարտավորությունների, քվեարկելու իրավունքի և փոխառությունների ծավալի վրա:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով 2009թ. կնքված համաձայնագրով ԱՄՀ-ի կողմից «Stand-by Arrangement» ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է 127,6 մլն ՀՓԻ գումարի չափով վարկ: Հետագայում, «Երկարաժամկետ վարկային գործիք» (Extended Credit Facility (ECF)) ծրագրի շրջանակներում, ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2010թ. և 2012թ. կնքված համաձայնագրերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվել է ընդհանուր 101.8 մլն ՀՓԻ գումարի չափով վարկ:
2014թ-ից իրականացվող 38-ամյա «Երկարաժամկետ ֆինանսավորման ծրագրի» (EFF) շրջանակներում Հայաստանին, ըստ փուլերի, կտրամադրվի 82.21 միլիոն ՀՓԻ գումար (շուրջ 127.6 միլիոն ԱՄՆ դոլար կամ Հայաստանի քվոտայի 89.4%-ը), որը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական ծրագրի աջակցմանը: Ներկայումս շարունակվում է արդյունավետ համագործակցությունը ԱՄՀ-ի հետ:
Չնայած 2010–2013թթ. ԱՄՀ-ի օժանդակությամբ իրականացված ծրագրի շրջանակում արձանագրված կայուն կատարողականին և դրական տեղաշարժերին, Հայաստանի տնտեսության համար պահպանվում են մակրոտնտեսական կայունության, խոցելիության նվազեցման և միջնաժամկետ աճի դինամիկայի մարտահրավերները:
Գնաճի և տնտեսական աճի ցուցանիշների տատանումները պահպանվում են, ինչպես ցույց տվեցին 2013թ. արձանագրված աճի տեմպի դանդաղումը և գնաճի ավելացումը: Արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդը և դոլարայնացումը շարունակում են մնալ բարձր՝ պահպանելով անկումների նկատմամբ տնտեսության խոցելիությունը: Պահպանվում է նաև աղքատության ու գործազրկության բարձր մակարդակը, իսկ շինարարության ճյուղով առաջնորդվող նախաճգնաժամային տնտեսական աճի մոդելից անցումը այլընտրանքային մոդելի դանդաղ է ընթանում: 2013թ. Հայաստանի կողմից ֆինանսական ոլորտի և առևտրի վերաբերյալ լուրջ որոշումներ կայացվեցին, իսկ սեպտեմբերին տեղի ունեցավ 7 տարի ժամկետով եվրապարտատոմսերի առաջնային թողարկումը:
Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր են ԱՄՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը ֆինանսական շուկայի արդյունավետ գործունեության, տնտեսական ու ֆինանսական ձգնաժամների հաղթահարման, միջազգային առևտրաշրջանառության հավասարակշռված աճի ապահովման, բնակչության զբաղվածության մակարդակը և իրական եկամուտները զարգացած երկրների բարձր ցուցանիշներին հասնելու համար:
Աշխարհի տարբեր երկրներում ԱՄՀ-ի կուտակած հսկայական փորձը մեծ չափով կարող է օժանդակել Հայաստանի տնտեսությանը՝ ուղղված գնաճի սեղմմանը, աղքատության ու գործազրկության նվազեցմանը, արտարժույթի փոխանակման կուրսերի կայունության ապահովմանը, արտարժութային հաշվարկների բազմակողմ համակարգի կայացմանը, ինչպես նաև մեր երկրին արտարժույթով կարճաժամկետ վարկերի տրամադրմանը, որոնք հնարավորություն կտան վերացնել հավասարակշռության խախտումները և պակասուրդը Հայաստանի արտաքին վճարային հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՀ-ի հետ իրականացված համատեղ ծրագրերը արդեն իսկ նպաստել են կառուցվածքային բարեփոխումներին տնտեսության տարբեր ոլորտներում, որոնք վերջին հաշվով ուղղված են տնտեսության զարգացմանը և մրցունակության բարձրացմանը: