20/10/2014 14:37
Ա. Ռուստամյան. Հայեցակարգը հիմք է՝ ավելի արդյունավետ լուծումներ առաջարկելու
ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դեռ ամբողջական գնահատական կտա: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով Նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանի արված հայտարարությանը, Ա. Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն դեռ նախկինում է առաջարկել փոփոխություններ իրականացնել, որն ակնհայտ է դառնում արդեն այսօր:
«Կարծում ենք, որ այսօր այդ ուղղությունն արդեն որդեգրված է: Դա մեզ արդեն հույս է տալիս, որ կարելի է շարունակել աշխատել: Կառավարական համակարգի ուղղությունը պետք է փոխվի և դառնա խորհրդարանական համակարգ, որը հիմնական ուղղությունն է այս սահմանադրական փոփոխությունների: Մենք ասել ենք, որ այդ փոփոխություններին չենք մասնակցի, եթե իրական արմատական փոփոխություններ տեղի չունենան: Իսկ համակարգային փոփոխությունները ենթադրում են ամբողջական կառավարման` խորհրդարանական համակարգ, ինչն այս հայեցակարգով ամրագրաված է»,- ասաց Ռուստամյանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ ՀՅԴ-ն չի փոխել իր դիրքորոշումը, իսկ ինչ-որ անհամաձայնության դեպքում կշարունակի մշակել իր հետագա քայլերի ընթացքը:
«Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք դեռ լիարժեքորեն արտացոլված չեն»,-ասաց նա:
Ռուստամյանի խոսքով` այն խնդիրները, որոնք նշված են հայեցակարգում, կուսակցության համար ընդունելի են, սակայն կան հարցեր, որոնք դեռ քննարկման փուլում են գտնվում և լուծումների արդյունավետության հետ կապված կան դեռ վիճելի հարցեր: «Մենք առաջարկում ենք ավելի արդյունավետ լուծումներ»,-հավելեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ նախագահի մամլո խոսնակը նշել էր , որ պետք է լինի ավելի լայն կոնսոլիդացիա` Ռուստամյանն արձագանքեց այսպես. «Ես չեմ կարծում, թե որևէ դիրքորոշում հետազոտելով ինչ-որ նոր բան է տեղի ունեցել: Եթե Ս. Սարգսյանի հրամանագրին ծանոթ լինեին, այդպիսի հայտարարություններ չէին անի: Հրամանագրում շատ հստակ ասված է, թե ընթացակարգն ինչպիսին պետք է լինի: Հայեցակարգը Նախագահի կողմից ընդունելուց հետո վերադարձվում է հանձնաժողովին, որին ծանոթանում է և պատրաստում նախագիծ: Հիմա կոնսուլտացիաների այն փուլն է, որտեղ հայեցակարգը կարող է փոխվել: Այնպես չէ, որ հայեցակարգը ներկայացվել է մասնագիտական հանձնաժողովին և այնտեղ ոչ մի բան չի կարող արդեն փոփոխության ենթարկվել»,-ասաց նա:
Ռուսատամյանն չի կարծում, թե այստեղ ճնշումների խնդիր կա: Ըստ նրա, այս գործընթացը ընթացակարգի տրամաբանական շարունակությունն է, որը ենթադրում է նաև կոնսուլտացիաների լայն շրջան: Իսկ դա, ըստ նրա, քաղաքական ուժերից բավականին երկար ժամանակ է պահանջում: «Այդ շրջանը բնականաբար միայն Դաշնակցությամբ չի սահմանափակվում»,- ասաց նա:
Դաշնակցականի հավաստմամբ` ժամանակը միայն ցույց կտա, թե դեպքերն ինչ ընթացք կստանան: Իսկ քանի դեռ չկա վերջնական գործընթաց, քննարկումների արդյունքում ամեն ինչ էլ հնարավոր է: Այսինքն` երբ պատրարստ կլինի հայեցակարգը, ՀՅԴ-ն ամենայն մարամասնությամբ կամփոփի դրանք:
«Հիմա մենք այդ մանրամասների վրա ենք աշխատում և գտնում ենք, որ այդ հայեցակարգը կարելի է հիմք ընդունել և ավելի արդյունավետ լուծումներ առաջարկել ու աշխատել: Հստակ չի երևում, թե համակարգն ինչպես պետք է փոխվի: Դա կերևա, երբ հայեցակարգն ամբողջությամբ պատրաստ կլինի: Հայեցակարգը դա հիմնադրույթներն են, որտեղ որոշակի անորոշություները դեռևս ակնհայտ են: Մենք բնականաբար աշխատում ենք ուղղությունների մասով, և փորձում ենք լիարժեք համաձայնության գալ»,-ասաց նա:
Ռուստամյանն հիշեցնում է նաև, որ Դաշնակցությունը սկզբից մինչև վերջ փակ կամ գաղտնի չի աշխատել: Իսկ մինչև իշխանությունների հետ քննարկելը, ՀՅԴ-ն իր տեսակետը քննարկել է նաև քաղաքական մյուս ուժերի հետ` քառյակում: «Մեր գործընկերները տեղյակ են և դա թաքուն չի եղել: Մեր առաջարկին ծանոթ են նաև քառյակի քաղաքական ուժերը»,-ասաց նա: