20/10/2014 20:55
Հայաստանը կվերածվի Իրանի և ԵՏՄ-ի միջև համագործակցության հարթակի
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով ժամանել է Իրան:
ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու և Իրան այցելելու համար ու բարձր գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը:
Է.Ջահանգիրին նշել է, որ տնտեսական հարաբերությունները զիջում են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին և վստահություն հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը:
Հ.Աբրահամյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական համագործակցության ակտիվացման մեծ ներուժ և պետք է անել հնարավորը՝ համատեղ նախագծերին ու ծրագրերին նոր շունչ հաղորդելու և դրանք կյանքի կոչելու համար:
Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:
Հայ-իրանական հարաբերությունները ՀՀ-ի անկախությունից հետո դինամիկ կերպով զարգացել են թե տնտեսական ոլորտում՝ 2013թ.-ին ապրանքաշրջանառությունը հասել է շուրջ 340 միլիոն դոլարի և առկա է քաղաքական կամքը այն հասցնել 1 միլիարդ դոլարի, թե քաղաքական առումով՝նախագահների, նախարարների մակարդակով բազմաթիվ այցեր են տեղի ունեցել:
Հայաստանը Իրանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենավստահելի գործընկերն է և երկկողմ հարաբերությունները թե Երևանում, թե Թեհրանում գնահատվում են որպես ռազմավարական: Իրան-Ադրբեջան անընդհատ լարվող հարաբերությունների ֆոնին Հայաստան-Իրան հարաբերություններում առկա է փոխադարձ վստահություն բարձր մակարդակ:
Երկրների միջև իրականացվել են մի շարք նախագծեր՝ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցում, իրականացման փուլում են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գծի շինարարությունը: Երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում նաև Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի:
Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության ակտուալության և Իրանի շահագրգռության մասին հայտարարել է նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին: Իրանական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրենք անմիջապես պատրաստ են սկսել իրենց տարածքում երկագծի շինարարությունը և երկաթգիծը հասցնել մինչև Մեղրի, երբ շինարարական աշխատանքները մեկնարկեն Հայաստանի տարածքում:
Հայաստանի համար Իրանը այն հարավային դարպասն է, կյանքի ճանապարհը, որի ակտուալությունը հատկապես մեծ էր ղարաբաղյան պատերազմի օրերին: Իրանի բազմամիլիոնանոց շուկայում հայկական արտադրանքը կարող է իր ուրույն տեղը գտնել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արևմուտք-Իրան հարաբերություններում վերջերս որոշակի ջերմացում է նկատվում և Իրանից մի շարք պատժամիջոցներ են հանվում:
Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության շնորհիվ Հայաստանը ելք կունենա Իրանի տարածքով դեպի Պարսից ծոց և Կասպից ծով, ինչը շատ կարևոր հանգամանք է Հայաստանի տրանսպորտային ոլորտի դիվերսիֆիկացիայի առումով:
Իրանի համար Հայաստանը կդառնա այն հյուսիսային պատուհանը, որի շնորհիվ իրանական ապրանքները ելք կունենան դեպի վրացական սևծովյան Փոթի և Բաթումի նավահանգիստներ:
Այսպիսով, Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը նոր քաղաքական, տնտեսական իրավիճակ է ստեղծում Իրանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում: Հայաստանը կարող է վերածվել Իրանի և ԵՏՄ-ի միջև համագործակցության նոր հարթակի: