20/10/2014 15:47
Է. Վարդանյան. Ռոմանտիզմով չեմ վերաբերում մեր դատական համակարգին
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր մարդու իրավունքների հիմնարար ազատությունների մասին տարեկան զեկույցը, հարակից զեկուցող, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ իր հերթին բարձրաձայնեց Շանթ Հարությունյանի դատավճռի մասին՝ ընդգծելով` վերջին երկու տարում մարդու իրավունքների առումով որևէ առաջընթաց չի գրանցվել:
«Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումը դարձել է ավանդույթ, այն կրում է կարծրացած բնույթ, իսկ տարբեր տեսակի զեկույցները դարձել են «գալչկայի համար» հնչվող զեկույցներ, որովհետև այն մարմինները, որոնք պատասխանատու են այդ թերությունները վերացնելու համար, ոչինչ չեն ձեռնարկում, անգամ խախտումներ չեն տեսնում»,- ասաց Էլինար Վարդանյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հարց ուղղեց նրան, հետաքրքրվելով, թե երեկ ՀԱԿ խմբակցության տարածած հայտարարությունը, որը Շանթի ու տասնմեկ հոգու քաղբանտարկյալ ճանաչելու մասին է, արդյոք այդ հարցը քննարկվե՞լ է հանձնաժողովում, որին Է. Վարդանյանը արձագանքեց, թե առյժմ նման քննարկում չի եղել:
«Շանթ Հարությունյանի նկատմամաբ դատավճիռը դեռ վերջերս է հրապարակվել, իսկ այսօր հանձնաժողովի առաջին աշխատանքային օրն է: Որպես քաղաքական գործիչ, ես համամիտ եմ ձեզ հետ, թեև որպես իրավաբան, փոքր վերապահումով կարող եմ մոտենալ այդ հարցին, այդուհանդերձ, մտահոգություն ունեմ, ինչպես դատավարության, այնպես էլ բուն գործընթացի վերաբերյալ, հատկապես անչափահաս Շահեն Հարությունյանի վերաբերյալ դատավճռից, որովհետև դա մարդկային բարոյական տեսակետից անընդունելի չէ, եթե անգամ իրավական կողմը թողնենք մի կողմ: Ես ռոմանտիզմով չեմ տառապում և գիտեմ, թե ինչ դատավճիռներ է կայացնում դատական համակարգը, և Շանթ Հարությունյանի գործով կայացրած վճիռը դրա հերթական վառ ապացույցն է»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Վերջինիս խոսքով` Հայաստանում մարդու իրավունքներն անընդհատ ոտնահարվում են ամեն քայլափոխի: ԲՀԿ խմբակցության պատգամավորը ընդգծեց նաև, որ այս ուղղությամբ պետք է համապատասխան քայլեր մշակել: «Այլապես մենք գցում ենք ԱԺ–ի պատիվն ու դերը»,- ասաց նա: