20/10/2014 17:17
ԱԺ նախագահը՝ Ծառուկյանի մասին. Ցավալի է, որ ոչ մեկ գիտնական չի դառնում
Իշխանափոխության գործընթացը դեռևս չի սկսել, որովհետև երեք քաղաքական ուժերը՝ եռյակը, տարբեր մեկնաբանություններ են տալիս, որոնք առնչվում են ոչ միայն ներքաղաքականության, այլև՝ ներքին սզբունքներին: Լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով երկրի ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև՝ եռյակի գործունեության մասին, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Դիտարկմանը, թե ամենաբազմամարդ հավաքներից մեկն էր հոկտեմբերի 10-ի հանրահավաքը. Գ. Սահակյանը նկատեց. «Այո, ամենամազմամարդ հանրահավքան էր, որովհետև նախորդ հանրահավաքին մոտավորապես 5-6 հազար մարդ կար, բայց հայտարարում էին 50 հազար մարդու մասին: Հանրահավաքը ստացվել է քանակի վրա, իսկ որակապես ոչինչ չի փոխվել: Այո, հասարակության մեջ կան խնդիրներ և հասարակությունը հավաքվում է: Իսկ դրականն այն է, որ իրենք էլ խոստովանեցին, որ որևէ խոչընդոտ չի եղել: Ու այն պայմաններում, երբ խոսում էին 100 հազարանոց հավաքի մասին, գոնե մի երեք անգամ ավելի շատ մարդ պետք է հավաքվեր հանրահավաքում»,- ասաց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե չի բացառվում, որ ժողովրդի ցանկության դեպքում, առաջադրվի և նախագահ դառնա, Գ. Սահակյանն ասաց. «Մենք բոլորս էլ գոնե մտքում մտածում ենք, որ մի բան կդառնա. Կա՛մ նախագահ, կա՛մ… Ցավալին այն է, որ ոչ մեկը հայտ չի ներկայացնում գիտնական դառնալու: Իսկ մենք գնում ենք այն ճանապարհով, որպեսզի ավելի շատ գիտությունը զարգացնենք: Հենց դա է հզորությունը»:
Դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանը դարձավ գիտնական, բայց, կարծես թե, ոչինչ չփոխվեց, Գ. Սահակյանը արձագանքեց. «Գիտնական չեն դառնում, այլ պաշտպանում են, նոր դառնում»: