20/10/2014 16:50
ՔԿ ծառայողները ունեն լրացուցիչ 7 աշխատանքային օրվա հանգստի հնարավորություն
Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ է մտել «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի որոշման մեջ կատարված լրացումը:
Ըստ այդ որոշման՝ 5-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատող ՔԿ ծառայողները կստանան լրացուցիչ 7 աշխատանքային օրվա հանգստի հնարավորություն:
Մինչև այդ գործող որոշման ցանկում ընդգրկված էին 5 և 6-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատող 47 մասնագիտությունների ներկայացուցիչներ:
Ամենաերկար արձակուրդը՝ 9 լրացուցիչ աշխատանքային օր ունեն ավիադիսպետչերները, լեռնային, լեռնահիմնական, շինմոնտաժային և շիննորոգման աշխատանքներում զբաղված բանվորներն ու բեռնատար մեքենայի վարորդները, լեռնագործները, ստորգետնյա և բաց եղանակներով օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցնող, քարտաշ, քար մշակող և հարակից մասնագետները, հանքահորերի (հանքերի), բացահանքերի (կտրվածքների), մետրոպոլիտենի, թունելների և հատուկ նշանակություն ունեցող ստորգետնյա կառույցների շինարարությունում զբաղված բանվորներն ու բեռնատար մեքենաների վարորդները, հղկանյութերի, սինթետիկ ալմաստների, գերկարծր նյութերի և դրանցից պատրաստվող արտադրատեսակների և բնական ալմաստների արտադրությունում զբաղված բանվորները, Հայկական ատոմային էլեկտրակայանում որոշ աշխատանքներ կատարող աշխատողներ:
9 օրվա լրացուցիչ հանգստի իրավունք ունեն նաև զինվորական ծառայությունից կամ ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված) կամ զինվորական կամ ոստիկանության պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված այն քաղաքացիական ծառայողները, ովքեր ունեն 25 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ:
Վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող գրադարանավարները, զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողներ, ովքեր ունեն 15-25 տարվա զինվորական ծառայության ստաժ, ունեն արձակուրդային 6 լրացուցիչ աշխատանքային օր:
Ամենաքիչը՝ 2 օրվա, լրացուցիչ աշխատանքային օրվա արձակուրդի իրավունք ունեն բժիշկները, ատամնաբույժները, անասնաբույժները, դեղագետներն ու դեղագործները, բուժքույրերը, բուժակները, տեխնիկ-քիմիկոսները: