20/10/2014 11:08
ՀԱԿ. Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները քաղբանտարկյալ են
ՀԱԿ-ը տարածել է հաղորդագրություն, որով անդրադարձ է կատարվում «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատավճռին՝ համարելով, որ դատապարտված 12 քաղաքացիները «քաղբանտարկյալ» են:
«Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանացական Մարտիրոսյանը ազատազրկման է դատապարտել 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում բողոքի ցույց անցկացրած 12 քաղաքացիներին, ընդ որում՝ նրանցից 10 դատապարտվել են 4-ից 7 տարվա ազատազրկման: Առանց այդ էլ անհիմն ձգձգված նախնական կալանքի պայմաններում մոտ մեկ տարի ազատազրկման մեջ անցկացրած քաղաքացիներին նշանակվել են ազատազրկման այնպիսի ժամկետներ, որոնք վկայում են իշխող ռեժիմի ծայրահեղ քինախնդրության և տարրական բորոյական և իրավական նորմերը ոտնահարելու մասին: Պատահական չէ, որ ակնհայտ անարդար վճիռը իրականացվել է մարտիմեկյան իրադարձություններին առնչվող «7-ի գործի» տխրահռչակ դատավոր Մարտիրոսյանի ձեռքերով:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Քաղաքական բանտարկյալի սահամանում» թիվ 1900 բանաձևի երրորդ կետը ձևակերպում է քաղաքական բանտարկյալ սահմանելու չափանիշները: Հայաստանի վերոհիշյալ 12 քաղաքացիների գործը լիովին համապատասխանում է բանաձևի այն չափանիշին, համաձայն որի ազատազրկված անձը պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ», եթե «քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ նրա պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ»:
Ելնելով վերոշարադրյալից, Հայ Ազգային Կոնգրեսը Շանթ Հարությունյանին, Վահե Մկրտչյանին,Ալբերտ Մարգարյանին, Սևակ Մնացականյանին, Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանին, ԱվետիսԱվետիսյանին, Հայկ Հարությունյանին, Ալեք Պողոսյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին այսուհետև ճանաչում է քաղաքական բանտարկյալ և հայտարարում, որ կօգտագործի իր բոլոր կարողությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ միջագային ասպարեզում նրանց շուտափույթ ազատմանը հասնելու նպատակով: Դա նաև կլինի Հայաստանում սկսված իշխանափոխության գործընթացի առաջնահերթ խնդիրներից մեկը»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման