20/10/2014 15:35
Ներդրումների նոր հնարավորություններ Իրանից
Մեկնարկել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Իրան, որը նպատակաուղղաված է նոր լիցք հաղորդել երկու երկրների հետագա կապերի ամրապնդմանն ու երկողմ համագործակցության զարգացմանը մի շարք փոխշահավետ ուղղություններով: Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի հրավերով պայմանավորված այցի ընթացքում կողմերը կանրադառնան նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:
Հանդիպումների ընդգրկուն օրակարգն ամփոփում է հայ-իրանական հարաբերությունների և շարունակական երկխոսության ողջ սպեկտրը՝ ներառելով քաղաքական, տնտեսական և մշակույթային հարթությունները:
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆհամի հայտարարության համաձայն՝ երկողմ հանդիպումների ընթացքում հատուկ ուշադրության կարժանանան էներգետիկայի ոլորտում առկա պայմանավորվածությունները՝ մասնավորապես էներգիայի փոխանակման բնագավառում ձեռք բերված ծրագրային պայմանավորվածությունները:
Ւրանի իսլամական հանրապետության էներգետիկայի նախարար Հ. Չիթչիանի դիտարկմամբ՝ կողմերը համաձայնության են եկել սկսել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման երրորդ գծի ծրագիրը, ինչպես նաև երկու կողմից Արաքս գետի երկայնքով հիդրոկայանների կառուցումը, որի արդյուքում ողջ էներգետիկ փոխանակումն երկու երկրների միջև կավելանա երկուսից երեք անգամ: Հայաստանում Իրանի դեսպանատան տեղեկության համաձայն՝ 2013 թ.-ի կտրվածքով ապրանքաշրջանառությունը երկու հարևան երկրների միջև կազմել է $ 293 մլն.:
Որպես փոխշահավետ հաքմագործակցության ուղղություներ են հանդիսանում նաև հանքարդյունաբերության, հիդրոէլեկտրակայանների կառուցման և ազատ առեւտրի գոտու տարածքում առևտրատնտեսական ոլորտներ:
Հատկանշական է, որ փոխշահավետ առևտրատնտեսական ու գործարար համագործակցության կայացման համար նոր ներդրումային հնարավորություն է ընձեռում Հայաստանի ԵՏՄ կազմակարության անդամագրումը և տնտեսական համագործակցության ամրապնդմանը միտված միջտարածաշրջանային ծրագրերի իրականացումը:
Նման համատեքստում տնտեսական համագործակցության նոր ուղիների բացահատումը՝ համատեղ ծրագրերի ավելացման միջոցով, ներդրողների համար հնարավորություններ կստեղծի ՀՀ տնտեսական տարածքի միջոցով առավել դյուրացված կարգով դուրս գալու Եվրասիական շուկա: