20/10/2014 18:41
Զուրաբյան. Հոկտեմբերի 24-ին բոլոր կհասկանան, թե ինչ է մարդու իրավունքը
«Բարի եղեք հարգել պատգամավորի իրավունքը»,- ՄԻՊ զեկույցի ժամանակ, դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ընդգծելով, թե շատ հարցերում գուցե Զարուհի Փոստանջյանի հետ համամիտ չէ, սակայն չի ընդունում, երբ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի անջատում է նրա խոսափողը:
«Պարոն Զուրաբյան, շարունակեք ձեր ելույթը և ինձ դասեր մի տվեք»,- վրդոված արձագանքեց ԱԺ փոխանախագահը:
Զուրաբյանը շարունակեց. «Մարդու իրավունքներն անշուշտ ոտնահարվում են Հայաստանում: Առաջինը` դա կյանքի իրավունքն է, մյուսը` դատապարտյաների, որոնց հաջորդում են խոսքի ազատության և հավաքների ազատության իրավունքները: Այս իրավունքների պահպանման պայմաններում մարդիկ ինչպե՞ս պաշտպանեն իրենց իրավունքները»:
Վերջինս զուգահեռներ անցկացնելով` կյանքի իրավունքը համեմատեց մարտի մեկի հետ, իսկ խոսքի ազատության համար օրինակ բերեց Հանրային հեռուստատեսությունը: Զուրաբյանը դիտողություն արեց Կարեն Անդրեասյանին, որ այդ մասին չի խոսվել ՄԻՊ զեկույցում:
«Այս ամենի մասին զեկույցում պատշաճ կերպով չի ներկայացվել: Հայաստանի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել մարտի մեկի գործով, բայց սպանությունը բացահայտված չէ: Ինչո՞ւ զեկույցում չեք անդրադարձել սրան: Ինչի՞ չեք խոսում քաղբանտարկյալների մասին: ՄԱԿ զեկույցում 5 չափանիշ կա, որով ընգծվում են, թե ովքեր են քաղբանտարկյալ համարվում: Պարոն Անդրեասյան, բացահայտ խոսեք այն մասին, որ խոսքի ազատություն չկա: Հանրային հեռուտստեսությունը հսկվում է ՀՀ նախագահի կողմից»,- ասաց նա:
Պատգամավորի համոզմամբ` մարդու իրավուքնները Հայաստանում խախտված են քանի դեռ ժողվուրդը չի վերցնում իր իրավունքների պաշտպանությունը իր ձեռքը, սակայն դա ժամանակավոր է:
«Ժողովուրդը հոկտեմբերի 10-ին ասաց, որ այլևս թույլ չի տալու ոտնահարել իր իրավունքները: Իսկ հոկտեմբերի 24-ին իր իրավունքները այնպես կպաշտպանի, որ բոլոր կհասկանան, թե ինչ է նշանակում մարդու իրավունքներ և ինչպես պետք է հարգել դրանք»,- եզրափակեց նա: