20/10/2014 10:51
Չաշխատող կանայք ևս Մայրության նպաստ կստանան
2016 թվականից չաշխատող մայրերը ևս միանվագ օգնություն կստանան հայրենի պետությունից: Հայաստանում, ըստ վիճակագրության, չաշխատող մայրերի թիվը կազմում է շուրջ 30 հազար մարդ, իսկ օգնության չափը կկազմի 275.000 դրամ:
Պետության աջակցությունը կիրականացվի «Մայրության նպաստի» միջոցով: Հենց այս ձևակերպմամբ կառավարությունն առաջարկում է վերանվանել հղիության և ծննդաբերության նպաստը:
2016 թվականին չաշխատող մայրերին աջակցությունն իրականացնելու համար կառավարությանն անհրաժեշտ կլինի շուրջ 11 մլրդ դրամ: Այս գումարը կգոյանա աշխատող մայրերին տրամադրվող նպաստի որոշակի կրճատումներից՝ շուրջ 3 մլրդ դրամ, և հավելյալ 8 մլրդ դրամից, որը կառավարությունը կփորձի գտնել այլ տեղերից:
Այս ամենը նախատեսվում է իրականացնել օրենսդրական որոշ փոփոխություններից հետո: Ըստ այդմ՝ առաջարկվում է աշխատող հղիների աշխատավարձերի ներկայումս 100 %-ի չափով տրամադրվող նպաստը կրճատել 20 %-ով: Չաշխատող կանանց տրվող նպաստի անվանական չափը 2016 թվականին կլինի կանխատեսվող միջին աշխատավարձի անվանական չափի հաշվառմամբ՝ 80 հազար դրամ և կկազմի 365 հազար դրամ, որը հարկվելուց հետո կլինի 275 հազար դրամ:
Ըստ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի՝ աշխատող կանանց տրվող նպաստի 20 տոկոս կրճատում կգօրծի ոչ բոլորի համար. կախված աշխատավարձի չափից՝ այն ենթակա է փոփոխության: Հնարավոր է՝ սահմանվի նաև շեմ, որից ցածր աշխատավարձ ստացողների համար կրճատումների տոկոսը նվազի:
«Այսօր Հայաստանում հղիության և ծննդաբերության նպաստ է տրվում ընդամենը 13 հազար աշխատող կնոջ, իսկ առաջարկվող փոփոխությունն ընդունելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության կապակցությամբ Մայրության նպաստ կստանա տարեկան ևս 30 հազար կին: Չնայած այն հանգամանքին, որ ֆինանսական գործոնը երեխաներ ունենալու հարցում ամենաորոշիչը չէ, ինչը ապացուցված է տարբեր ուսումնասիրությունների միջոցով, չաշխատող կանանց այս խնդրի թեթևացումը, առնվազն, արդար ու ազնիվ կլինի»,- ասաց Սաիյանը:
Ըստ պաշտոնյայի՝ գործող օրենքով՝ աշխատող հղիների աշխատավարձերի 100 %-ի չափով նպաստ տրամադրելը մեծ բեռ է պետբյուջեի համար: Այս համատեքստում Սաիյանը հիշեցրեց նաև Վերահսկիչ պալատի վերջին ուսումնասիրությունների արդյուքնում բացահայտված փաստերը, երբ հղիության 6-7-րդ ամիսներին աշխատանքի ընդունված կինը «հանկարծ» պարգևավճար էր ստացել՝ այն էլ բավականին կլորիկ գումար:
«Խոսքը միլիոնների հասնող պարգևավճարների մասին է: Տեսեք, ես իմ խոսքում ոչ մի անգամ չգործածեցի խախտում կամ չարաշահում բառերը, որովհետև, ըստ էության, գործատուի նման կամայական որոշումների մեջ որևէ օրենքի խախտում չկա: Նա ինքն է որոշում ում և որքան պարգևավճար տալ: Բոլորս էլ, իհարկե, հասկանում ենք, որ գործ ունենք լուրջ խնդրի հետ, բայց օրենքի շրջանակներում այս հարցը լուծելու որևէ լծակ այսօր, ցավոք, չունենք»,- բացատրեց Սաիյանը:
Ըստ նրա՝ օրենսդրական փոփոխությունների մեջ հաշվի կառնվի նաև այս գործոնը: Հնարավոր է՝ նպաստի չափը հաշվարկվի՝ առանց պարգևավճարի:
Պաշտոնյան ընդգծեց, որ աշխատող կանանց նպաստի նախատեսվող կրճատման միջոցով կառավարությունը միջոցներ տնտեսելու խնդիր չի դնում: Ըստ հաշվարկների՝ հաջորդ 5 տարիների ընթացքում այդ կրճատումների միջոցով հնարավոր կլինի խնայել ընդամենը 3 մլրդ դրամ, այնինչ չաշխատող կանանց նպաստի չափը կազմելու է տարեկան 11 մլրդ:
«Մենք որևէ մեկի հաշվին մյուսին լավություն անելու խնդիր չենք դրել: Չենք դրել նաև հղիների հաշվին բյուջեում խնայողություններ անելու խնդիր: Խնդրում եմ նաև այլևս չխոսել այլ ոլորտներից խնայելու ու հղիների նպաստների համար այդ գումարը տրամադրելու մասին: Հավելյալ 8 մլրդ դրամը հենց գոյանալու է սոցապ ոլորտին հատկացվող բյուջեի բավականին լուրջ տնտեսման հաշվին: Գումարն անսպառ չէ, իսկ լուծվող խնդիրը՝ չափազանց կարևոր և մեծ է»,- ասաց Սաիյանը:
Նշենք, որ այս նախագիծը դեռ քննարկման փուլում է: Սա առաջին հանրային քննարկումն էր՝ լրագրողների հետ: Օրենքի ընդունման դեպքում՝ աշխատող հղիների նպաստի փոխհատուցումը կկրճատվի 2015 թվականից, իսկ չաշխատող կանանց Մայրության նպաստը կսկսվի տրամադրվել 2016 թվականից:
Նշենք, որ օրենքի առաջին քննարկումը լրագրողների հետ կազմակերպվել էին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը՝ ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի աջակցությամբ: