20/10/2014 16:33
Փաշինյան. Արդարադատությունը մի օր թակելու է Մարտի 1-ի մասնակիցների դուռը
Հայաստանի Հանրապետության մարդու իրավքունքների պաշտպանն այս ամբիոնից շատ կարևոր հայտարարություն արեց, չնայած որ դա ակնհայտի արձանագրումն էր: Նա ասաց՝ 2008թ.-ի Մարտի մեկի էջը փակված չէ: Այսպես այսօր ԱԺ-ում իր ելույթը սկսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«Իսկ ինչու՞ է սա ակնհայտի արձանագրում՝ այն պարզ պատճառով, որ մինչ օրս բացահայտված չեն Մարտի մեկի սպանության հեղինակները և այս ֆոնին չափազաց տարօրինակ է Սերժ Սարգսյանի կողմից Քննչական կոմիտեի նախագահ նշանակված Հայաստանի երկարամյա դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, որ նա արել է 2014թ.-ի սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ զրույցում: Լրագրողների հարցին ի պատասխան նա մասնավորապես ասել է՝ «դուք չարաչար սխալվում եք, որովհետև ասում եք, որ մինչ օրս մարտի մեկի գործով բացահայտումներ չկան, բայց մարտի մեկի գործով բոլոր բացահայտումներն արված են»»,-ասաց պատգամավորը՝ շարունակելով.
«Լավ, Աղվան Հովսեփյանն ասում է, որ գործով բոլոր բացահայտումներն իրականացված են՝ խնդիր չկա: Դե թող կանգնի հանրության առջև ու ասի, թե ով է սպանել Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Սամվել Հարությունյանին, Տիգրան Աբգարյանին, Գրգոր Գևորգյանին, Համլետ Թադևոսյանին: Ըստ ամենայնի՝ Աղվան Հովասեփյանը հարցին պատասխանելիս հիշում է, որ իր պատասխանը այսպիսի հարցեր է հարուցում ու վերջում հավելում է՝ «իհարկե կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից հարուցված»»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ չի ցանկանում խոսել այն հարցի մասին, թե Աղվան Հովսեփյանն ինչ ոճով է անդրադառնում մարտի մեկի զոհերի հարազատներին, իրավահաջորդներին:
«Փաստորեն ամբողջ Հայաստանի և միջազգային հանրության համար մարտի մեկի գործն առաջին հերթին սպանությունների բացահայտումն է, իսկ Աղվան Հովասեփյանի համար սպանություններն ուղղակի չբացահայտված առանձին հանգամանքներ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով այն հարցին թե այդ դեպքում ի՞նչ բացահայտումներ են արվել մարտի մեկի գործով՝ պատգամավորը նշեց, որ, իր կարծիքով ամենաբնորոշիչներից բացահայտումներից մեկն այն էր, որ Աղվան Հավսեփյանն իր համեստ անձին վերագրեց գերբնական հատկանիշներ.
«Ասում էին, որ ես որոշակի բառեր օգտագործելով, կարող եմ մարդկանց գցել հոգեխանգարման մեջ: Այնպիսի բառեր, ինչպես օրինակ՝ «հայրենիք» կամ «ընտանիք» բառերն են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ավարտելով ելույթը նա նշեց, որ երևի շատերը ճիշտ համոզմունք ունեն՝ 2008թ.-ի մարտի մեկի սպանությունները կբացահայտվեն միայն իշխանափոխությունից հետո.
«Բայց սա նշանակում է իրական իշխանափոխություն և ոչ թե իշխանության տրանսֆորմացիա: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել և մարտի մեկի բոլոր մասնակիցները պետք է իմանան՝ արդարադատությունը մի օր անպայման թակելու է իրենց դուռը»,- ասաց պատգամավորը: