20/10/2014 20:31
Փարիզի թատրոնում ներկայացման կեսից դուրս են հրավիրել փարանջայով կնոջը
Փարիզի «Grand opera» թատրոնի ղեկավարությունը ներկայացման ժամանակ դուրս է հրավիրել փարանջայով կնոջը՝ նշելով, որ նրա հագուստը անընդունելի է: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Թատրոնի ղեկավար Ժան Ֆիլիպ Տյելեն հաստատել է միջադեպը՝ նշելով, որ կնոջը դուրս են հրավիրել թատրոնի դերասանների պատճոռով.
«Մի քանի դերասաններ հրաժարվում էին շարունակել ելույթը, եթե հենց առաջին շարքում նստած այդ կինը չբացի դեմքը»,- ասել է Ֆիլիպ Տյելեն:
Թատրոնի անվտանգության աշխատակիցները մոտեցել են փարանջայով կնոջն ու պահանջել կամ բացել դեմքը, կամ հեռանալ:
Կինն ու նրան ուղեկցողները լքել են դահլիճը:
Հիշեցնենք, որ 2011թ.-ին Ֆրանսիայում ընդունվել է օրենք, ըստ որի, արգելվում է հանրային վայրերում դեմքը փակող հագուստ կրել: