20/10/2014 14:49
Ալեք Ենիգոմշյանի հետ միջադեպի առթիվ ծառայողական քննություն է սկսվել
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով՝ «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ ծառայողական քննություն է սկսվել:
Հիշեցնենք, որ «Նախախորհրդարանը» հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանն հոկտեմբերի 19-ին, երեկոյան ժամը 19.45-ի սահմաններում, «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից իր հարեւանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Նրանք Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին: Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից:
Հայտնում ենք, որ Ալեք Ենիգոմշյանի հարևանը Վահրամ Գաբրիելյանն է: Վերջինս Ալեք Ենիգոմշյանի հետ միասին եղել է BMW մակնիշի մուգ մոխրագույն ավտոմեքենայում (պետհամարանիշը՝ 21 SU 321): Ալեք Ենիգոմշյանի փաստաբանի եւ նրա ընկերների որոնումները մինչ այս պահը արդյունք չեն տալիս:
Ոստիկանության Երևանի կենտրոնական բաժնից պատասխանում են, որ Կենտրոնի բաժին այդպիսի մարդ բերման չի ենթարկվել»: