20/10/2014 18:28
Ռ. Հակոբյան. Շանթը հետևանքն է իշխանության հակաօրինականության
«Պառլամենտարիզմի հիմնական նպատակներից մեկն այն է, որ որև է մեկը իրավունք չունի ընդհատել պատգամավորի ելույթը: Պարոնայք, իրավունք մի վերապահեք որոշել, թե որոնք են էթիկայի կանոնները: Ունենք էթիկայի հանձնաժողով, որտեղ կարող եք դիմել: Խոսափող անջատելը դառնում է խրոնիկական»,- խորհրդարանի ամբիոնից այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Անդրադառանալով բուն քննարկման նյութին` ՄԻՊ զեկույցին, պատգամավորը նախ ողջունեց ՄԻՊ Կարեն Ադնրեասյանի աշխատանքը, ապա շարունակեց. «Այստեղ եղավ զրույց, որ դուք մեծամասնության թեկնածուն եք, բայց ձեր ընտրության ժամանակ քչերը կային, որոնք կողմ էին ձեր թեկնածությանը: Այն, որ այստեղ հնչում են քննադատություններ, դա խոսում է այն մասին, որ դուք ձեր տեղում եք: Բայց մի նկատողություն. Ես ձեզ խորհուրդ եմ տալիս հաշվի առնել նաև հասարակության կարծիքը` Կոնչտիային պաշտպանե՞լ, թե՞ ընտանիքի պաշտպանությունը»,-ասաց պատգամավորը:
Ռ. Հակոբյանի խոսքով` մարդու իրավունքների պաշտպանումը պայմանավորված է նրանով, թե տվյալ պետության մեջ որքանով են գործում Սահմանադրության դրույթները: «Մնացածը դրա հետևանքն է: Եթե քաղաքացին չէ, որ ձևավորում է իշխանությունը, ինչպես կարելի է խոսել կոռուպցիայի կամ հանցագործության նվազման մասին: Սահմանադրությունն այն հումքն ու աղբյուրն է, որ ոտնահարվում են մարդու իրավուքնները»,- հայտարարեց նա:
Նա ընդգծեց նաև, որ ընտրական համակարգը հուշում է, որ Հայաստանում անտեսված են մարդու իրավուքները: «Գուցե զավեշտ հնչի, բայց դուք մեր ամբիցիաների իրավունքները պաշտպանեք: ՄԻՊ-ը ինքը պետք է տեսնի, թե ինչ երևույթներ կան, որպեսզի հետո արձագանքի: Դուք կարող եք Շանթ Հարությունյանի օրինակով դա ապացուցել: Շանթը` դա այդ ամենի հետևանքն է: Նրա քաղաքական իրավունքները ոտնահարված են: Ոտնահարված է նաև նրա քվեն, որը գողացված է: Ամբողջ պետական համակարգը ազգ-բարեկամներով է լցված: Կրկնում եմ, Շանթը հետևանքն է իշխանության հակաօրինականության»: