20/10/2014 13:17
Գալուստ Սահակյան. Ես իմ լիազորություններին շատ լավ եմ տիրապետում
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդդիմությունն, օգտվելով իր հնարավորությունից, արտահերթ նիստ է պահանջում: Նա ասաց, որ անհետաձգելի համարվող հարցերը, որոնք առաջարկվել են կառավարության կողմից, կարող են հետաձգվել, իսկ այն հարցերը, որոնք առաջարկվում են ընդդիմության կողմից, շատ ավելի կարևոր են:
«Հարցերը, որոնք առաջարկվել են կառավարության կողմից, կարող ենք քննարկել 3 ամիս հետո: Մեզ համար ակնհայտ է, որ ԱԺ նախագահը, օգտվելով իր իրավունքից և լիազորություններից, չի կարող արտահերթ նիստ չհրավիրել: Ընդդիմության բարձրացրած հարցերը շատ ավելի առաջնային են»,- ասաց Լ. Զուրաբյանը, ում նկատողությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
«Ես իմ լիազորություններին շատ լավ եմ տիրապետում և թույլ տվեք ասել, որ ես լավ գիտեմ, թե որ հարցն է առաջնային, որը` ոչ»,- արձագանքեց Գ. Սահակյանը:
Ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով հայտարարեց, որ եթե նպատակ ունեն շտապելու, ապա շտապողականությամբ հարց չի լուծվում:
«Լավ կլինի այդ կարևոր հարցերի վերաբերյալ առանձին քննարկումներ կազմակերպել, որպեսզի ավելի առարկայական լինի դրանք` մանավանդ, որ բոլոր քաղաքական ուժերը շահագրգռված են այս հարցում»,- հայտարարեց Մինասյանը, որին ի պատասխան Գ. Սահակյանն արձագանքեց.
«Կարծում եմ, որ քննարկումն անհրաժեշտ է»,- ասաց նա: