21/10/2014 16:00
Ալեք Ենիգոմշյանին փողոցում թողնելու գործով պահանջում են քրգործ հարուցել
Այսօր մի խումբ քաղաքացիներ Երևանի Ազատության հրապարակից երթ սկսեցին դեպի Ոստիկանության շենք` որպես բողոքի նշան «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ոստիկանների ապօրինի գործողությունների դեմ:
Երթին մասնակցում էին «Նախախորհրդարանի» անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր իրենց հետ բերել էին «Ոստիկաններ, մի դարձեք ահաբեկության գործիք», «Ձեռքերդ հեռու ազգային հերոսից» գրությամբ պաստառներ:
«Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի խոսքով` ոստիկանությունը պետք է ոչ թե ծառայողական քննություն նշանակեր, այլ՝ քրեական գործ հարուցեր, քանի որ կույր և անօգնական մարդուն փողոցում թողնելը քրեորեն պատժելի արարք է:
Ժ. Սեֆիլյանի խոսքով` հայերի նկատմամբ սպիտակ ցեղասպանություն է իրականացվում և իրենք պահանջելու են ոստիկանություից քրեական գործ հարուցել:
Հիշեցնենք, որ «100-ամյակն առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթից հետո ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Վահրամ Գաբրիելյանի վարած ավտոմեքենան, որի մեջ գտնվել է նաև Ալեք Ենիգոմշյանը, Վ. Գաբրիելյանին տարել են ոստիկանության բաժին, իսկ Ա. Ենիգոմշյանին թողել են փողոցի բանուկ հատվածում միայնակ, թեև վերջինս մի քանի անգամ կրկնել է, որ կույր է:
Դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:
Նախորդող հրապարակումներ՝ «Ալեք Ենիգոմշյանին դիտավորյալ դրել են կյանքի համար վտանգավոր վիճակում»
Ալեք Ենիգոմշյանի հետ միջադեպի առթիվ ծառայողական քննություն է սկսվել