21/10/2014 17:55
Ա. Ռուստամյան. Իշխանափոխությունը չի կարող սահմանափակվել անձի փոփոխությամբ
Իրական իշխանափոխությունը երբեք չի կարող սահմանափակվել անձի փոփոխությամբ, և բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Սերժ Սարգսյանից հետո փոխվելու է նաև իշխանությունը, լավ չեն ուսումնասիրել անկախ Հայաստանի անցած ճանապարհը:
Այս մասին այսօր հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Առաջինը նախագահը դժգոհեց առաջինից, Ռուբերտ Քոչարյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանից, Սերժ Սարգսյանը` Ռոբերտ Քոչարյանից… իսկ ժողովուրդը գոհ չէր ոչ մեկից: Իրական իշխանափոխությունը պետք է զուգորդվի համապատասխան համակարգային փոփոխությամբ: Դրա համար ենք համոզված, որ ժողովրդին ծառայող իշխանափոխությունը պետք է լինի ամբողջական: Ամբողջական ոչ միայն նրանով, որ ոչ միայն մարդիկ փոխվեն, այլ՝ համակարգը, որպեսզի նույնը չկրկնվի»,- ասաց նա:
Ռուստամյանի խոսքով` ներկայիս համակարգով իշխանությունը մենաշնորհային է, որը բերել է իշխող կուսակցության և պետության նույնացմանը:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը՝ պատգամավորն ընդգծեց, որ միջազգային փորձն աչքի առաջ ունենալով, անգրագիտություն կամ կանխամտածված վնասարարություն է պետականության կայացման գործում արհամարհել կամ նսեմացնել սահմանադրական զարգացումների հասկացությունը:
«Սահմանադրական զարգացում հասկացություն ասվածը լուրջ հասկացություն է: Այն ոչ միայն սահմանադրության փոփոխությամբ է պետք կարգավորել, այլ երաշխավորում է, որ ստվերային բնույթ ունեցող ներհասարակական, ներպետական հարաբերությունները փոխարինվեն սահմանադրական իրավահարաբերություններով: Այսպես են պետություն դառնում և այս ճանապարհով է պետությունը զարգանում»,- նշեց Ռուստամյանը: