21/10/2014 17:32
Հակոբյան. Իշխանությունը պետք է դուրս գա ինքնասիրահարված սիրամարգի կերպարից
Մեր մոտեցումն այն է, որ պետք է գնանաք արդյունքի հետևից, իսկ լոզունգներին այլևս չենք հավատում: Եռյակի նիստի ավարտից հետո հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի կողմից առաջ բերված 12 կետերի ամփոփմանն ու երեկ նախաձեռնած ստորագրահավաքին` պատգամավորը ասաց, որ եռյակի ուժերը 12 կետերի վերաբերյալ նման ամփոփում չէին սպասում:
«Դաշնակցության հետ մենք 12 կետերի վերաբերյալ պայմանավորվածություն ունեինք, պետք է քառյակի նիստ հրավիրեինք, սակայն այդ պայմանավորվածությունը տապալվեց: Սա շատ ընդգծված քննադատելի է բոլոր քաղաքական ուժերի կողմից, բայց ինչ-որ տեղ հասկանալի ու տրամաբանական է»,- ասաց պատգամավորը:
Լրագրողի դիտարկմանը, թե եռյակին մեղադրում են նաև իշխանությունների հետ բանակցությունների մեջ, Ռ. Հակոբյանը նկատեց. «Եթե բանակցություններ չլինեն, ապա չեմ պատկերացնում, թե ինչ պետք է լինի: Հետաքրքիր է հատկապես ձևակերպումը` «նրանք էլ են բանակցում»: Մենք չենք բանակցում, իսկ բանակցելու մասին ես գոնե տեղյակ չեմ, բայց մի կողմից բանակցելու մեջ վատ բան չեմ տեսնում: Եթե բանակցում ենք, դա չի նշանակում, թե պառլամենտարիզմի կանոնակարգ ենք խախտում: Բանակցելը ևս քաղաքականության մշակույթ է: Առայժմ իշխանությունները չեն հասկանում, թե Հայաստանում ինչ է կատարվում, բայց մենք չենք եկել այստեղ նոր թշնամիներ ձեռք բերելու համար, այլ եկել ենք մտածելու, թե ինչպես երկիրը ոտքի կանգնեցնենք: Իշխանությունները պետք է դուրս գան ինքնասիրահարված սիրամարգի կերպարից և համարժեք գնահակատական տան այս ամենին: Հիմա եթե այս ընթացքում ժողովրդի ճնշման տակ այդ գնահատականը հնչի, ես միայն կողջունեմ»,- եզրափակեց պատգամավորը: