21/10/2014 11:38
Նոր ատոմակայանի կառուցումը բխում է նաև Իրանի շահերից
Ներկայիս հայ-իրանական տնտեսական հարաբերությունները գտնվում են մի հանգրվանում, որը չի բավարարում կողմերին և վերանայման կարիք ունի: Իրանի նախագահի և փոխնախագահի մակարդակներով արդեն խոսվել է մեր երկրի հետ տնտեսական կապերի խորացման և ընդլայնման անհրաժեշտության մասին: Նոր տնտեսական քաղաքականություն ձևավորելու անհրաժեշտություն է առաջացել Իրանի հետ, որը զգալիորեն պայմանավորված է մեր և հարևան տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներով:
Իսկապես, ձևավորվում է նոր իրավիճակ՝ պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության, Իրանի և Արևմուտքի հարաբերությունների կարգավորման միտումների, ուկրաինական իրադարձությունների և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան սանկցիաների, քրդական գործոնի ակտիվացման, արաբական աշխարհում շարունակվող անկայունության և իսլամական արմատականության տարածման իրողություններով:
ՆԱՏՕ-ն հավանաբար «կհայտնվի» Վրաստանում, Թուրքիան և Ադրբեջանը «մերձենում են» Ռուսաստանի հետ, Իրանը աստիճանաբար սերտացնելու է իր քաղաքական և տնտեսական հարաբերությունները Եվրամիության հետ, մեծանալու է նրա դերը տարածաշրջանի կայունության և սունի արմատական իսլամին դիմակայելու խնդիրներում: Անկախ Եվրասիական վեկտորից, կարևորվում է նաև Հայաստանի նշանակությունը ԱՄՆ-ի և Իրանի կողմից Թուրքիային դիմակայելու ենթատեքստում՝ այս երկրները կցանկանային Հայաստանին տեսնել ավելի ուժեղ և ինքնուրույն կարգավիճակում:
Իրանի նկատմամբ իրավիճակի բարելավումը բխում է նաև Հայաստանի շահերից՝ Իրանի ապաշրջափակումը նաև Հայաստանի ապաշրջափակումն է: Հայաստանի համար իրատեսական է ոչ թե իրանական էներգակիրների համար դեպի դեպի Եվրամիություն տրանզիտային տարածք դառնալը, այլ Իրանի օգնությամբ իր էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը և Իրանի տարածքով համաշխարհային շուկա դուրս գալը:
Սակայն Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը կանգնած է լուրջ դժվարությունների առջև և ինքնուրույն քաղաքականություն վարելու դժվարություններ ունի: Եթե նախկինում հայ-իրանական հարաբերությունները թեև կոպիտ ձևերով չէին արգելափակվում, սակայն որոշակիորեն սահմանափակվում էին և´ Ռուսաստանի, և´ ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերով, ապա վիճակը ներկայումս փոփոխվում է, որտեղ հայկական կողմի գործողությունների ազատությունը սահմանափակվում է հիմնականում ռուսական գործոնով, իսկ դա ֆորմալ առումով բացատրվելու է ԵՏՄ-ի անդամակցությամբ:
Չմոռանանք, որ Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցումը ենթադրում է արտաքին առևտրի, մաքսային, ինչպես նաև էներգետիկ ու տրանսպորտային քաղաքականությունների սահմանափակում: Դա այն է, որ ամենաքիչն է պետք Իրանի հետ հարաբերություններում և այդ գործոններն անտեսելը պարզապես միամտություն է: Կարևոր է այն, որ ԵՏՄ-ի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները ոչ մի դեպքում չզարգանան Իրանի հետ հարաբերությունների հաշվին:
Հայաստանը որքանով է պատրաստ իր շահերից բխող հարաբերություններ կառուցել Իրանի հետ ցույց կտա ժամանակը: Հովիկ Աբրահամյանի այցը Միացյալ Նահանգներ, որտեղ նրան հաջողվեց միջազգային ֆինանսական կառույցներից վարկեր բերելու համաձայնություն ստանալ և դրան հաջորդող այցելությունը Իրան, ենթադրում են, որ Հայաստանի արտաքին «դիվերսիֆիկացված» քաղաքականությունը օրակարգում է:
Խոշոր ռազմավարական նախագծերը, որը Ռուսաստանը խոստացել էր իրականացնել Հայաստանում, հասկանալի պատճառներով կամ հետաձգվում են, կամ իրականություն չեն դառնալու: Այսինքն բացի Ռուսաստանից, նաև Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Իրանը, ինչու չէ նաև Չինաստանը ունենալու են որոշակի դերակատարություն և ազդեցություն մեր երկրի տնտեսության համար: Ներկա իրավիճակում դա է ամենաարդյունավետ և հավասարակշռված արտաքին տնտեսական քաղաքականությունը, որն ի վիճակի է իրագործել Հայաստանը տնտեսական ծանր իրավիճակից դուրս գալու համար:
Իրանում վարչապետի հանդիպումների ընթացքում նախատեսվում են որոշակի համաձայնություններ գյուղատնտեսության, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում: Խոսքը Արաքսի վրա կառուցվող ՀԷԿ-ի, հայ-իրանական երկաթուղու, ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցերին է առնչվում։ Չի բացառվում նաև «Նաիրիտի» վերաբերյալ բանակցություններ:
Նախատեսվում է իրանական գազի ծավալների մեծացում դեպի Հայաստան, որի մի մասը կօգտագործվի հարավային շրջանների կարիքների բավարարման համար, իսկ մի մասի դիմաց էլեկտրաէներգիա կառաքվի Իրան: Իրանի էներգետիկայի փոխնախարարը վերջերս հայտարարեց, որ շուտով կսկսվեն 400 կվտ հզորության բարձր լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները, որը ֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել իրանական Արտահանման զարգացման բանկը:
Դա կլինի երրորդ բարձր լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը Իրանի հետ, քանի որ գործող 2 բարձր լարման էլեկտրահաղորդման գծերը ամբողջությամբ օգտագործում են և կարիք կա նոր հզորությունների շահագործման, որը հնարավորություն կտա էլեկտրական հոսանքի առաքման ծավալները զգալիորեն մեծացնել:
Ենթադրվում է, որ առաջարկություններ կլինեն նաև հայկական նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներին Իրանի կողմից տարբեր ձևաչափերով մասնակցելու վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ Իրանը ունի էլեկտրաէներգիայի խիստ պակասորդ, հատկապես ամառային սեզոններին, որը պայմանավորված է երաշտների ժամանակ գետերի ջրային ռեսուրսների նվազման արդյունքում ՀԷԿ-երի աշխատանքների դադարեցմամբ: Հայկական նոր ատոմակայանի կառուցումը բխում է նաև Իրանի շահերից, որի դեպքում այն կայուն և մեծ ծավալներով էլեկտրաէներգիայի մատակարարման աղբյուր կլինի, հատկապես իր հյուսիսային շրջանների համար: