21/10/2014 14:15
Քաղտեխնոլոգ. Մարդկանց առաջին հերթին իրենց սոցիալական վիճակն է հետաքրքրում
Այսօր քաղաքականության մեջ ես երկու խնդիր եմ տեսնում՝ մարդկանց սոցիալական վիճակը և արդարության պակասը: Այս երկու հարցի մասին գրեթե ոչ մեկ չի խոսում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Անարդարության ֆոնի վրա է, որ հասարակությունը խնդիր ունի իշխանությունների հետ: Շանթի 15 տարեկան տղային դատել են չորս տարով նրա համար, որ պաշտպանել է հորը: Հիմա ինչպե՞ս է նա 18 տարեկանում գնալու հայրենիք պաշտպանելու: Այս ամենն է պատճառը, որ ժողովուրդն իշխանության քայլերը համարում է ոչ ադեկվատ»,- ասաց քաղտեխնոլոգը:
Նրա կարծիքով՝ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հավաքված մարդկանց մոտ չկար այն էներգետիկան, ինչ՝ 2008թ.-ին:
«Ամեն տարի էլ գարնանն ու աշնանը հնչում են իշխանափոխության կոչեր: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրմանն, ապա կարծում եմ, որ ընտրություններից 4 տարի առաջ խոսել առաջադրումների մասին՝ անլուրջ է»,- ասաց քաղտեխնելեգը:
«Համոզված եմ, որ մեր հասարակության 99 տոկոսը չգիտի էլ, թե մենք ինչ Սահմանադրություն ունենք ու այդ ի՞նչ փոփոխություններ են դրանում նախատեսված: Մարդկանց իրենց սոցիալական վիճակն է հետաքրքրում առաջին հերթին»,-եզրափակեց խոսքը Կարեն Քոչարյանը: