21/10/2014 13:39
Ի՞նչ կտա Lydian International-ի $426 մլն ներդրումը Հայաստանին
Օրերս հայտնի դարձավ, որ բրիտանական Lydian International ընկերությունը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, որտեղ և պատրաստվում է ներդնել շուրջ 426 մլն դոլար: Ընկերությունը հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքներում արդեն իսկ ներդրել է ավելի քան 69 մլն դոլար և այժմ ՀՀ կառավարության հետ հստակեցնում է հանքի շահագործման թույլտվություն ստանալու պայմանները, և թույլտվությունը, ամենայն հավանականությամբ կտրամադրվի գալիք տարվա սկզբին:
Ամուլսարի ոսկու հանքավայրն առաջին անգամ հետախուզվել է 2004թ-ին: Հետագայում մանրամասն հետազոտությունների արդյունքում, որին մասնակցել է նաև Lydian International ընկերությունը, հանքավայրի ոսկու պաշարները գնահատվել է 70873,8 կգ, իսկ կորզվող ոսկու քանակը` 59534 կգ: Նախատեսվում է, որ հանքավայրը կշահագործվի բացհանքի եղանակով, և դրա ընդերքից տարեկան արդյունահանվելու ու մշակվելու է 10 մլն տոննա հանքաքար: Տարեկան մշակվող 10 մլն տոննա հանքաքարերում առկա 5790 կգ ոսկուց կորզվելու է 4863,6 կգ: Ըստ Ամուլսարի շահագործման ծրագրի` նախատեսվում է շահագործումն իրականացնել ու ավարտել 10 տարում:
Համաձայն Lydian International-ի նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հայտարարության` ընկերությունը շահագործման թույլտվությունը ստանալուց հետո մտադիր է 426 մլն դոլար կապիտալ ներդրում իրականացնել: Հանքավայրի շինարարական աշխատանքներն ըստ նախնական ծրագրի մեկնարկելու են 2015թ-ի երկրորդ եռամսյակում, ինչը տևելու է շուրջ 18 ամիս: Արդեն 2017թ-ի առաջին կիսամյակում նախատեսվում է սկսել հանքի շահագործումը:
Նախնական պայմանավորվածության համաձայն` ընկերությունը շահագործումը սկսելուց հետո Հայաստանի պետական բյուջե պետք է փոխանցի տարեկան 40 մլն դոլար, իսկ հողի վարձակալության վճարի ձևով համայնքային բյուջե կփոխանցի 1 մլն դոլար: Հանքի կառուցման ակտիվ փուլում բացվելու է 1500 աշխատատեղ, իսկ հանքի շահագործման` ամբողջ 10 տարվա ընթացքում 700 մարդ մշտական աշխատանք կունենա:
Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ ոսկու և անդհանրապես ազնիվ մետաղների արդյունահանումը վերջին հնգամյակում (թերևս, բացառությամբ 2010թ-ի) մյուս ճյուղերի համեմատ աչքի է ընկնում աճման առաջանցիկ տեմպերով: Այսպես. 2013թ-ին նախորդ տարվա համեմատ թանկարժեք մետաղների հանքաքարի արդյունահանումն ավելացել է 17,2 տոկոսով, 2012-ին դրա նախորդ տարվա համեմատ` 35,8 տոկոսով, 2011-ին` 89,4 տոկոսով, 2010-ին գրանցվել է 21,5 տոկոս անկում, իսկ 2009թ-ին` 45 տոկոս աճ: Եթե 2009թ-ին արդյունահանվում էր գրեթե 2,5 մլրդ դրամի հանքաքար, ապա 2013թ-ին արդյունահանվել է ավելի քան 13,9 մլրդ դրամի հանքաքար:
Պետք է այստեղ նաև նշել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն ամենևին զերծ չէ էկոլոգիական ռիսկերից: Նախ հանքի շահագործումը, ինչպես նշվեց, իրականացվելու է բացհանքի եղանակով, ինչը նշանակում է, որ կատարվելու են զանգվածային պայթեցումներ, ինչի հետևանքով մթնոլորտ են շպրտվելու ապարների ու տարբեր նյութեր (այդ թվում և թունավոր) փոխիներ ու մանրահատիկներ:
Պայթեցման աշխատանքների, հետագայում հանքաքարի մանրացման և կալիումի ու նատրիումի ցիանիդով դրանց մշակման հետևանքով կախտահարվեն նաև հարակից որոշ հողատարածքներ: Էկոլոգիական հետևանքները նախևառաջ խնդիրներ կարող են ստեղծել հանքավայրի հարևանությամբ գտնվող Գնդեվազ գյուղի, ապա նաև Ջերմուկ քաղաքի համար: Շրջակա միջավայրի աղտոտմանը կնպաստեն նաև հանքի շահագործման ընթացքում պոչամբարների ձևավորումը:
Իհարկե, որպեսզի էկոլոգիական նման խնդիրներ չառաջանան, պետք է կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնել: Այս հարցում նույնպես ՀՀ կառավարության հետևողականությունը մեծ կարևորություն ունի: Հույս է ներշնչում այն փաստը, որ կառավարությանն արդեն իսկ հաջողվել է մի քանի խոշոր հանքարդյունահանողների հետ ձեռքբերել համաձայնություն պոչամբարների ապարների վերամշակման ծրագրեր իրականացնելու հարցում: Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն համաձայնություն են ձեռք բերել իրականացնել պոչամբարների վերամշակման ծրագիր, որը կարժենա շուրջ 200 մլն դոլար:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
19/04/2024 17:37