21/10/2014 18:34
Հարկային արտոնություն՝ սահմանամերձ համայնքներում արտադրություն սկսողներին
Ազգային ժողովում այսօր քննարկվում էր սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին նախագիծը: Թեմայի շուրջ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ նախագիծը վերաբերելու է մինչև 47 սահմանամերձ համայնքի:
Փոխնախարարի համոզմամբ` դա թույլ կտա նաև սահմանամերձ համայնքներում կազմակերպել արտադրություն: Միրումյանի խոսքով` գրավչությունը բավական մեծ է:
«40 տոկոս հարկային բեռից ազատելը լուրջ գրավչություն է, որպեսզի մարդիկ գնան այնտեղ և արտադրություն հիմնեն: Կրակելու վտանգներ կան, բայց կարելի է այնպիսի տեղանք ընտրել արտադրության համար, որ հարմար լինի: Չեն տանում արտադրությունը հիմնեն հենց պոստերում, որ կրակոցները խանգարեն»,- ասաց Միրումյանը՝ նախագծում կարևորելով այն, որ սահմանամերձ գյուղերում նոր աշխատատեղեր կստեղծվեն:
Միրումյանի խոսքով` հարկային արտոնություններից կարող են օգտվել բոլոր այն գործարարները, ովքեր սահմանամերձ բնակավայրերում տնտեսական գործունեությամբ կզբաղվեն:
«Երևանից մարդը կարող է գնալ ու այնտեղ արտադրություն հիմնել»,- ասաց փոխնախարարը:
Հարցին, թե ինչպե՞ս են վերահսկելու, որպեսզի մարդիկ հարկերից խուսափելու նպատակով իրենց գործունեությունը չձևակերպեն սահամամերձ համայնքներում, բայց գործունեություն ծավալեն այլ վայրերում, Վախթագ Միրումյանը պատասխանեց, որ չեն կարող նման դեպքեր լինել: «Չի կարող մարդը ցույց տալ, որ այնտեղ արտադրություն ունի ու էդ արտադրությունը փաստացի չլինելով՝ հարկերից ազատվի, բացառված է»,- ասաց նա:
Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞վ է առանձնանում կառավարության ներկայացրած նածագիծը Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացրած նածագծից, Միրումյանը պատասխանեց, թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծին ծանոթ չէ:
«Անկեղծ ասած ծանոթ չեմ: Միգուցե Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ ներկայացնի, բայց ինքս անձամբ ծանոթ չեմ»,-ասաց նա:
Ըստ նախագծի՝ սահմանամերձ համայնքներում կազմակերպվող տնտեսական գործունեությունն ազատվելու է 20 տոկոս ավելացված արժեքի հարկից, 20 տոկոս՝ շահութարակից, եթե կազմակերպիչն իրավաբանական անձ է: Եթե կազմակերպիչը անհատ ձեռնարկատեր է, գործունեությունն ազատվելու է 20 տոկոս ավելացված արժեքի հարկից և առնվազն 24.4 և 26 տոկոսով եկամտային հարկից: Սահմանամերձ համայնքներում գտնվող առևտրի օբյեկտների միջոցով արտադրանքի սպառումը կազատվի շրջանառության հարկից: Միրումյանը ընդգծեց նաև, որ բնակչությանը մատուցվող մանրածախ առևտուրն է ազատվելու շրջանառության հարկից:
«Այսինքն՝ մենք բացառում ենք, որ որևէ ԱԱՀ վճարող կտանի էնտեղ ուղղակի մի օբյեկտ կձևակերպի, ՀԴՄ կդնի ու իր մեծածախ իրացումները մանրածախով ցույց կտա: Այդ ռիսկերը հնարավորինս հաշվի առնված են»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ նշանակություն չունի, թե արտադրված ապրանքը որտեղ է իրացվելու, կառավարությունը չի ստիպում, որպեսզի արտադրված ապրանքն անպայման այդ տարածաշրջանում իրացնեն: «Թող գնա էնտեղ արտադրություն անի, բերի Երևանում ծախի, ոչ մի խնդիր չկա: Մեր նպատակն այնտեղ արտադրություն կազմակերպելն է»,- ասաց նա: