21/10/2014 18:13
Շարմազանով. Իշխանափոխության մասին տվայտանքները՝ փոթորիկ են մեկ բաժակ ջրում
Հոկտեմբեր ամիսը հագեցած էր թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական իրադարձություններով: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Նման որոշումը պայմանավորված էր տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք լայնորեն բացվում են Հայաստանի առջև: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այն նոր հեռանկարներ է բացում նաև օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա: Հարկ է նշել, որ Հայաստանը նաև պատրաստ է շարունակելու երկխոսությունը Եվրամիության անդամ երկրների հետ բոլոր հնարավոր ուղղություններով»,- ասաց նա:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ Է. Շարմազանովն ասաց, որ նման կարևորագույն բարեփոխումը պետք է իրականացվի մասնագիտական և քաղաքական լայն շրջանակների հետ քննարկումների արդյունքում:
«Տարակուսելի է, որ երկրում համակարգային փոփոխություններ պահանջող որոշ ընդդիմադիր կամ պսևդոընդդիմադիր ուժեր, կտրուկ փոխելով իրենց դիրքորոշումը, հանկարծ հիշեցին, որ երկրում նման բարեփոխումների անցկացման անհրաժեշտություն չկա՝ մտահոգվելով, թե այսկերպ իշխանությունները ցանկանում են վերարտադրվել: Նման պնդումը քաղաքագիտական անգրագիտություն է, քանի որ աշխարհի ցանկացած ժողովրդավարական երկրում ցանկացած իշխանություն ցանկանում է վերարտադրվել և վերարտադրվել ընտրությունների միջոցով»,- ասաց ԱԺ փոնախագահը:
Նա խոսեց նաև կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին՝ ասելով, որ 13 համայնքում տեղի ունեցան համայնքապետերի ընտրություններ, որտեղ ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց Հանրապետական կուսակցության թեկնածուներին: «Ուստի, իշխանափոխության վերաբերյալ բոլոր տվայտանքներն ընդամենը փոթորիկ են մեկ բաժակ ջրում»,- եզրափակեց խոսքը ՀՀԿ պատգամավորը: