21/10/2014 18:20
Էնֆիաջյան. Հոկտմբերի 24-ը դառնալու է իրական գործողությունների սկիզբ
Մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք իշխանության բացթողումների մասին: Տարիներ շարունակ մատնացույց ենք անում այն թերությունները, որոնք առկա են մեր երկրում: ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«ԱԺ-ում ամեն անգամ, երբ շրջանառության մեջ է մտել որևէ օրինագիծ, որը չի բխել ժողովրդի շահերից, ԲՀԿ խմբակցությունը հանդես է եկել իր բացասական դիրքորոշմամբ և հանդես եկել հստակ առաջարկներով: Սակայն ականջալուր չլինելու պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրում արտագաղթն ու գործազրկությունը հասել և անցել են վտանգավորի շեմը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երկրում շուրջ մեկ միլիոն մարդ ապրում է աղքատ:
«Մեկ միլիոն մարդ չի կարողանում հոգալ իր տարրական սոցիալական պայմանները: Մեկ միլիոն մարդ հնարավորություն չունի օգտվելու սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքներից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս ամենի դիմաց ոչ մեկ չի ենթարկվել պատասխանատվության, «ի վերջո ովքեր են պատասխան տալու մեկ միլիոն աղքատ ապրողների համար»:
Հոկտմբերի 24-ի համազգային հանրահավաքը, պատգամավորի խոսքով, դառնալու է այն իրական գործողությունների սկիզբը, որոնց անհրաժեշտությունը մեր ժողովուրդն այդքան շատ է սպասում: