21/10/2014 13:18
Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում ալիևյան նավթադոլարների հոտ է զգում
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անընդունելի է համարում մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ որոշ պատգամավորների պահվածքը, ովքեր իրենց ելույթներում փորձել են դատավորի կամ դատախազի դեր ստանձնել:
«Երեկ այստեղ կային մարդիկ, ովքեր խոսում էին դատավորի, դատախազի, Ազգային անվտանգության ծառայության կամ օտարերկրյա գործակալների լեզվով, ինչը ցանկալի չէ: Հիշում էին հանցագործություններ, զոհվածների՝ անտեսելով 90-ական թվականները: Ես խորհուրդ կտայի, որպեսզի նրանք չմտնեն ուրիշի ընտանիքներ և դեռ չսպիացած վերքերը նորից բորբոքեն՝ իրենց քաղաքական շահարկումները հոխորտալով»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Վ. Բաղդասարյանը` հորդորելով ԱԺ ամբիոնից նման ձևով ելույթ չունենալ:
«Խորհուրդ չեմ տա նման ոճով քաղաքական դիվիդենտներ հավաքել, որովհետև այդ կորուսնտները բավականին ծանր են եղել այդ ընտանիքների համար, և 10-15տարի առաջվա դեպքերը փորփրել, կրկին բորբոքել այդ մարդկանց վերքերը, պատվաբեր չեմ համարում»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Խմբակցության ղեկավարը հիշեցրեց նաև, որ երեկ Ազգային ժողովի ամբիոնից խոսվել է պետական դավաճանության մասին: «Մենք երեկ ականատես եղանք պետական դավաճանության դասական օրինակի: Հայոց խորհրդարանի ամբիոնն օգտագործվում էր Ադրբեջանին և Թուրքիային ապատեղեկատվություն տալու համար: Այստեղ հրապարակվում էին կեղծ նյութեր: Եվ եթե նայեք դինամիկան, դա տեղի է ունենում մեր երկրի Նախագահի և մեր ոչ բարեկամ երկրի նախագահի հանդիպումներից առաջ: Դուք նայեք այդ դինամիկան խնդրում եմ: Ինձ համար հասկանալի է, որ Արևմուտքից բավականին գումարներ են հոսում այստեղ և մեր որոշ գործընկերներ պատվերներ են կատարում և ընտանիք են պահում, սակայն ես երեկ այստեղ ալիևյան նավթադոլարների հոտ զգացի: Ֆինանսավորման ուղղությունները, կարծես թե, փոխվել են և այլ տեղից են արդեն ֆինանսավորում ստանում»,- ասաց Վ. Բաղդասարյանը:
Վերջինս ընդգծեց նաև, որ մեծերը խորհուրդ են տալիս երբեք չվիճել տկարամիտների, սակավամիտների, սադրիչների հետ, քանի որ նրանք այդ գործին լավ են տիրապետում: «Ես կհետևեմ այդ խորհրդին և չեմ իջնի նրանց մակարդակին. նրանց հետ բանավեճի մեջ չեմ մտնի, իսկ պոռոտախոսներին խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ իրենք իրենց հարց տան՝ ի՞նչ են արել այս երկրի համար, ի՞նչ են արել մեր պետականության կայացման համար»,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց նաև, որ բոլորը խոսում են փոփոխությունների մասին, սակայն ոչ մեկ չի ցանկանում իրենից սկսել: Նա հիշեցրեց, որ պատգամավորներից մեկը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել կարգազանց պատգամավորներին պատժելու վերաբերյալ օրենքի նախագիծ, սակայն ինքը ոչինչ չի անում իրեն փոխելու և մյուս պատգամավորներին օրինակ ծառայելու համար:
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի այն հայտարարությանը, թե պատգամավորներն իրեն ընտրել են, սակայն չեն աջակցում իրեն՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենք հարգում են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, սակայն Անդրեասյանին խորհուրդ տվեց իր անկախությունը վերահաստատելու համար պատգամավորներին չմեղադրել:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին հիշեցրեց նաև, որ եղել են դեպքեր, երբ իր կողմից կազմակերպված միջոցառումներին հրավիրվել են պտգամավորներ, ովքեր գնացել են, սակայն ինքն այնտեղ չի եղել:
«Դուք Ազգային ժողովի հանձնաժողովից հրավեր եք ստանում և չեք ներկայանում, հիմա էլ այստեղ կանգնել, պատգամավորներին մեղադրում եք ձեզ հետ չհամագործակցելու և չաջակցելու մեջ: Այդպես չի կարելի: Ես հասկանում եմ՝ երիտասարդ եք և դա ժամանակի հետ կանցնի»,- ասաց Վ. Բաղդասարյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պատգամավորները կարևորում են ՄԻՊ ինստիտուտը և պատրաստ են սերտ համագործակցության: