21/10/2014 14:40
«ՅՈՒԿՕՍ»-ի բաժնետերերը մտադիր են ստանալ ՌԴ-ի` արտերկրում գտնվող գույքը
Նավթային «ՅՈՒԿՕՍ» ընկերության բաժնետերերը մտադիր են հասնել ԱՄՆ-ում և Եվրոպայում Ռուսաստանի գույքի բռնագանձմանը: Այս մասին հայտնում է «Interfax.ru»-ն:
Լրատվամիջոցին աղբյուրը հայտնել է, որ մոտակա շաբաթների ընթացքում հայց կներկայացվի Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և ԱՄՆ դատարաններ:
Հայցի բավարարման դեպքում ՌԴ-ի գույքը կարող է բռնագանձվել, և կարող է առնչվել, օրինակ, գազի սպառման դիմաց Գերմանիայի կողմից ՌԴ-ին վճարվող գումարին:
ՌԴ-ն իր հերթին Պետդումայում քննարկման է դրել օրենքի նախագիծ, համաձայն որի` արտերկրում իրենց գույքի բռնագանձման դիմաց իրենք կարող են բռնագանձել ՌԴ-ում գտնվող այլ երկրների ունեցվածքը:
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը «ՅՈՒԿՕՍ»-ի գործով Ռուսաստանին պարտադրել է վճարել 50 մլրդ ԱՄՆ դոլար:
Դատական գործընթացը սկսվել է 2005 թ., 2003 թ. պետությունը «ՅՈՒԿՕՍ» ընկերությանը մեղադրել է հարկերի վճարումից խուսափելու մեջ:
Ընկերության նախագահը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով 2005 թ., ապա 2013 թ. համաներմամբ ազատ է արձակվել:
Հաագայի դատարանի որոշման համաձայն՝ ընկերությանը պետք է վճարվի 50 մլրդ 20.87 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ թվում դրամական փոխհատուցում պետք է ստանա կիպրական «Hulley Enterprises» ընկերությունը՝ 39.9 ԱՄՆ միլիարդ դոլար, «Yukos Universal» ընկերությունը՝ 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար, կիպրական «Veteran Petroleum» ընկերությունը՝ 8.2 միլիոն ԱՄՆ դոլար:
Նախորդող հրապարակում՝ ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտադրել է «ՅՈՒԿՕՍ»-ին վճարել 1,86 մլրդ եվրո
«ՅՈՒԿՕՍ»-ը կարող է որպես փոխհատուցում ստանալ ռուսական արվեստի գործերը