21/10/2014 12:44
Զարուհի Պետրոսյան. Առաջիկայում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Առաջիկայում ձյան տեսքով տեղումները չեն շարունակվի, իսկ հանգստյան օրերին սպասվում է անձրև։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։
Նրա խոսքով` այս գիշեր, բացառությամբ Արարատյան դաշտի, լեռնային շրջաններում ջերմաստիճանն իջել է մինչև 6 աստիճան ցուրտ։
«Վաղը գիշերը Արարատյան դաշտում կլինի 1-ից 3 աստիճան տաքություն, ցերեկը ջերմաստիճանը կլինի +14-ից +17 աստիճան։ Հաջորդ օրը ջերմաստիճանը կբարձրանա ևս մեկ աստիճանով և մինչև հոկտեմբերի 25-ը ջերմաստիճանը չի փոխվի։ Առավելագույն ջերմաստիճանը հովտային շրջաններում կլինի մինչև 18 աստիճան տաքություն, իսկ լեռնային շրջաններում` մինչև 14 աստիճան տաքություն»,- ասաց Զ. Պետրոսյանը։
Ձմռան ջերմաստիճանի վերաբերյալ կանխատեսումներ Զ. Պետրոսյանը չարեց` նշելով, որ այժմ դա հնարավոր չէ:
Անդրադառնալով Սյունիքում տեղացած ձյան պատճառը հյուսիս-արեւելքից ցուրտ օդի ներթափանցմանը` Զ. Պետրոսյանն ասաց, որ երեկ տեղումները դադարել են, և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17 աստիճան տաքություն։
«Վերջին 2 օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում տեղումներ են եղել, իսկ Սյունիքի մարզում տեղումները եղել են ձյան տեսքով։ Գորիսում ձյան շերտը եղել է 5 սմ, սակայն տեղումները արդեն դադարել են»,- ասաց Զ. Պետրոսյանը։