22/10/2014 19:41
Երբ աղջիկները նվագում են դհոլ և դուդուկ. Շոուբիզնես չենք ձգտում մտնել
Ընդունված կարծիք է, որ դուդուկ ու դհոլ նվագում են տղամարդիկ: Աննա և Անահիտ Մխիթարյանները իրենց օրինակով ապացուցում են, որ կանանց ձեռքերում այս գործիքները կարող են հնչել ոչ պակաս գրագետ և գեղեցիկ:
Անահիտ Մխիթարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ, իհարկե, կնոջը համարձակություն է պետք այս գործով զբաղվելու համար, սակայն եթե սիրում ես քո գործը ու ռիսկային մարդ ես, մնացած ամեն ինչ երկրորդական պլան է մղվում:
«Երաժշտական գործիքներից և ոչ մեկը չի ստեղծվել հատուկ որևէ սեռի մարդկանց համար, թեև մեզ մոտ ընդունված է, որ տղամարդիկ են դհոլ և դուդուկ նվագում: Մենք պրոֆեսիոնալ նվագում ենք արդեն 4-5 տարի, Աննան՝ դուդուկ, ես՝ դհոլ, սակայն առավել ինտենսիվ զբաղվում ենք վերջին 2 տարին: Սկզբում, իհարկե, թերահավատություն կար, բայց, երբ քո գործը անում ես որակով, գրագետ ես նվագում, արդեն այդ թերահավատությունը փոխվում է: Սա այն դեպքն է, որ պետք չէ ոչինչ խոսել, այլ գործով ապացուցել ամեն ինչ»,- ասաց Անահիտը:
Աննան և Անահիտը նվագում են ազգային երաժշտություն: Անահիտի խոսքով՝ իմպրովիզներ անում ես, սակայն փորձում են շատ չհեռանալ սկզբնական տարբերակից:
«Մեր ընտանիքում երաժիշտներ չկան, բայց մայրս լավ ձայն ունի և սիրում է ազգային երաժշտություն, և նա է մանկուց մեր մեջ սերմանել այդ սերը: Մանկության հիշողությունները կապված են նաև ազգային երաժշտության հետ»,- ասաց նա:
Անահիտը պատմեց, որ թեև իրենց ծավալած գործունեությանը, միայն տեսահոլովակը իրենց ճանաչվածություն բերեց և սկսեցին տարբեր միջոցառումների մասնակցության հրավերներ ստանալ:
Հարցին՝ արդյոք արդեն հանդիպել են խոչընդոտների շոուբիզնես մտնելու հարցում, Անահիտը պատասխանեց, որ իրենք չեն էլ ձգտում մտնել շոուբիզնես և իրենց միակ նպատակը իրենց գործը մարդկանց հասցնելն է:
Տղամարդկանց կողմից արդյոք նկատել են մրցակցություն և զիջող են արդյոք տղամարդիկ այդ ասպարեզում, Անահիտը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ տղամարդիկ զիջող են: Շատերը կարծում են, որ առնական պետք է լինենք, սակայն կարելի է նվագել ու չկորցնել կանացիությունը միաժամանակ: Դրանում է մեր յուրահատկությունը»,-ասաց նա:
Լուսանկարները վերցված են Աննա և Անահիտ Մխիթարյանների ֆեյսբուքյան էջից: