22/10/2014 14:14
Բագրատյանը՝ Վ. Այվազյանին. Եթե մի բան ենք անում, եկեք շնորքին անենք
Խորհրդարանում «Սահմանամերձ գյուղերի հարկերի օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախագծի հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե նշված օրենքում առհասարակ ինչի՞ մասին է խոսքը գնում:
Բագրատյանն Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ զեկույցում չկան հստակեցումներ: «Պարոն Այվազյան, 5 հազար հատ հարց կա: Եթե մի բան ենք անում, եկեք շնորքին անենք: Տնտեսագիտական տեսությունն ու պրատկտիկան այլ բաներ են: Տնտեսությունը Հայաստանում սկսեց 93-94 թվականներից աճել, իսկ այսօր… Պետք է հասկանանք` ինչի մասին է խոսքը գնում: Այս արտոնությունը որ տալիս ենք, ո՞ւմ և ինչի՞ համար և որքա՞ն ժամանակով ենք տալիս: Այս հարցերին օրենքը պետք է հստակ պատասխանի: Այստեղ ասում եք՝ չի լինի, ամեն գյուղ իր մարդը կավելացնի և այլն, բայց կարգն այդպես չէ: Պետության բյուջեն հաստատում է Խորհրդարանը, ուրեմն ցանկացած ծախս պետք պարզեցվի»,- նկատեց պատգամավորը:
Բագրատյանը նաև Այվազյանին դիտողություն արեց հարկերի մասով: «Դուք տեսե՞լ եք, որ համայնքներում հարկ տանեն իրենց եկամուտից: Ո՞վ է տեսել, որ ուրիշի հարսով փեսուն լավություն անեն»,- հավելեց պատգամավորը, իսկ Վ. Այվազյանը հետաքրարվեց, թե որ եկամուտների մասին է խոսքը գնում:
Բագրատյանը ընդգծեց, որ զեկույցում առկա են տուրքեր, արտաարտոնագրային վճարներ, որոնց մասին հստակեցում չկա: Ինչ վերաբերում է եկամտահարկին, ապա Բագրատյանի համոզմամբ, եթե գործող օրենքը նորմալ լիներ, ապա բոլորը կիմանային, որ շահութահարկը պետք է մնա իր տեղում:
«Այս առաջարկը երրորդ տարին անընդմեջ անում եմ, բայց լսող չկա: Վաղ, թե ուշ` մեկ ա, դա դուք անելու եք: Գալիս ենք դրան: Ով է տեսել, որ եկամտահարկը հանեն հանրապետական բյուջե: Հանրապետական բյուջե գալիս են անուղղակի հարկեր, իսկ անուղղակիները գնում են իրենց տեղերը»,-ասաց Բագրատյանը` հավելելով, որ հարկային արտոնությունները չեն աշխատում տարածքային զարգացումների ժամանակ:
Նախորդող հրապարակում՝ Ե՞րբ կլինեն սահմանամերձ գյուղերի հարկերի կոնկրետ առաջարկությունները