22/10/2014 19:34
ԱԳՆ. ՀՀ-ն պատրաստ է համապարփակ համագործակցությունը ԵՄ հետ բոլոր ձևաչափերով
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Պատգաավորի հարցը վերաբերում է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:
Ի պատասխան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Եվրամիությունը Հայաստանի համար մնում է, ինչպես որ կար, կարևոր գործընկեր:
«Մեր հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ: Պարբերաբար անցկացվում են Հայաստանի և Եվրամիության միջև ստեղծված ինստիտուցիոնալ ձևաչափերով հանդիպումներ՝ Համագործակցության խորհուրդ, Համագործակցության կոմիտե, չորս ենթակոմիտեներ: Հայաստանը ակտիվորեն մասնակցում է բազմակողմ պլատֆորմերի աշխատանքներին, նաև ընդգրկված է մեկ տասնյակից ավելի փորձագիտական խմբերում` այնպիսի հարցերով, ինչպիսիք են ժողովրդավարությունը, արդարադատությունը, մշակույթը, կրթությունը, էներգետիկան և այլն»,- ասաց նախարարը:
Առաջիկայում, շարունակեց Է. Նալբանդյանը, մենք շարունակելու ենք մեր աշխատանքները Եվրամիության նոր ղեկավարության, մեր գործընկերների հետ` ձևավորելու Հայաստան - Եվրոմիություն հարաբերությունների իրավական նոր հիմքը: Նա ասաց նաև, որ առաջիկայում սպասվում են պաշտոնական փոխայցելությունները.
«Այս բոլոր ձևաչափերը հնարավորություն կտան շարունակելու մեր բնականոն երկխոսությունը Եվրամիության հետ: Ես կարող եմ միայն հաստատել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել համապարփակ համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր ձևաչափերով, բոլոր ոլորտներում և բոլոր հնարավոր ուղղություններով, որոնք չեն հակասում մեր պարտավորություններին այլ ինտեգրացիոն գործընթացներում»: