22/10/2014 13:03
Պատժամիջոցների վերացումը նոր հնարավորություններ է կտա Հայաստանին և Իրանին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Իրան կատարած պաշտոնական այցը չպետք է դիտարկել միայն տնտեսական տեսանկյունից, քանի որ այն Հայաստանի` ԵՏՄ անդամակցության ֆոնին երկկողմ հարաբերությունների հստակեցման ու նոր խաղի կանոնների հնարավորինս անցնցում սահմանման մասով կարևոր քայլ է: Ամենևին պատահական չէ, որ ՀՀ վարչապետն իր խոսքում ընդգծել է այն, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների և օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարությունը:
Պետք է նկատել նաև, որ վարչապետի այցելությունը համընկնում է Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների նվազեցման ակտիվ փուլի հետ: Արևմտյան պատժամիջոցները մեկը մյուսի հետևից վերանում են ոչ միայն նավթի առքուվաճառքի, այլ նաև արտասահմանում իրանական ընկերությունների ֆինանսական միջոցների վրայից: Սրանից հետևում է, որ իրանական ընկերությունները, ինչու չէ` նաև Իրանի կառավարությունն ազատ միջոցներ կունենա արտասահմանում ներդրումներ իրականացնելու համար:
Ասվածի մասին ակնարկել է նաև ԻԻՀ արտահանումների զարգացման բանկի տնօրեն Բահման Վաքիլին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ հանդիպման ժամանակ: «Դժբախտաբար Հայաստանում ԻԻՀ արտահանումների զարգացման բանկի աղբյուրների որոշ բաժնի սառեցումը պատճառ դարձավ, որ երկու տարով դադարեցվեն Արաքս գետի վրա երկու ՀԷԿ-երի կառուցման նախագծի գործադրման աշխատանքները», - հայտարարել է Վաքիլին և հավելել. «Հայաստանը Իրանի հետ մերձավորության և ներդրման պոտենցիալների գայության պատճառով հարմար դիրք ունի տեխնիկական ոլորտում իրանական ընդունակ ընկերությունների ներկայության համար և արտահանողների համար տնտեսական շահ ունենալու պարագային զարգացման բանկը պատրաստ է նրանց հովանավորել»:
Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացումը նախևառաջ պայմանավորված է էներգետիկ ոլորտում երկու երկրների իրականացրած համատեղ ծրագրերով: Բանն այն է, որ ներկայումս երկու կառավարությունների կողմից էլ առանձնապես կարևորվում են էներգետիկ հարաբերությունները: Մասնավորապես Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները համաձայնություն են ձեռք բերել 2-3 ամսում վերացնել բոլոր խոչընդոտները և վերսկսել Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման նախագիծը, որի գործադրումն ընդհատվել էր բանկային խնդիրների պատճառով:
Էլեկտրահաղորդման այս գիծը, որը նախագծի համաձայն ունենալու է 400 կՎ հզորություն, հնարավորություն կտա մեծացնել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ներկա ծավալները 2-ից 3 անգամ: Ինչպես կարելի է եզրակացնել մամւոլում շրջանառվող լուրերից` նախարարները համաձայնություն են ձեռք բերել նաև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու մասին, որոնք ընդհատվել էին ֆինանսական խնդիրների հետևանքով:
Բացի այս երկու երկրների կառավարությունների առաջնորդները` Հ. Աբրահամյանը և Է. Ջահանգիրին համաձայնություն են ձեռք բերել Համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու մասին: Նման խորհրդի ստեղծումն, ըստ էության, նպատակ է հետապնդում աջակցել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները: Ներկայումս այն կազմում է ընդամենը 300 մլն դոլար, ինչն այնքան էլ զգալի ծավալ չէ: