22/10/2014 15:08
Փաշինյան. Տատիկ-պապիկները վարսավիրանոց չեն գնում, բայց գազի փող են տալիս
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Սահմանամերձ գյուղերում հարկային օրենքում» փոփոխություններ և լրացուներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ասել է, նոր տնտեսական քաղաքականության սկիզբը:
Նա ընդգծեց, որ առաջարկվող փաթեթը կապ չունի սահմանամերձ գյուղերի հետ, քանի որ այդ փաթեթում ընդգրկված են մի շարք օրենքներ, որոնք սահմանամերձ համայնքների հետ ընդհանրապես կապ չունեն:
«Անունը դրել եք «Սահմանամերձ համայնենքների հարկային օրենքներ», ինչի մասին ասես օրենքները բերել, լցրել եք էստեղ: Օրենքի բովանդակության 90 տոկոսը ոչ մի առնչություն չունի սահմանամերձ գյուղերի հետ: Ճանապարհային վճարների կամ բնապահպանական բնօգտագործման վճարի մասին ոչինչ չկա: Ամբողջ հաշվապահությունը խառնել եք իրար, հետո էլ ասում եք` սահմանամերձ գյուղերին տալիս ենք հարկային արտոնություններ: Մենք տեսանք ձեր արտոնությունները: Շրջանառության մասին օրենքով, երբ այն սահմանեցիք մեկ տոկոս, մարդիկ փողոց դուրս եկան, ասեցին` «ախպեր, չենք ուզում ձեր հարկային արտոնությունները, թողեք հանգիստ աշխատենք»: Հիմա այս արտոնությամբ ցույցերի եք հանում սահմանամերձ համայնքների բնակիչներին: Օրենքում փոփոխությունները վերաբերում են ամբողջ հանրապետությանը»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա նաև դիտողություն արեց սահմանամերձ շրջանների ցանկի հետ կապված` ընդգծելով, որ սահմանամերձ են համարվում նաև հայ-թուրքական սահմանում տեղակայված համայնքները: «Կառավարությունը այդ ցանկը չի կարող որոշել: Կառավարություն չի կարող օրենքի ուժ ստացած դրույթները իր որոշմամբ փոխել: Այնպես որ` մեկը մյուսի հետ կապ չունի»,- նկատեց Փաշինյանը` ընդգծելով, որ գուցե տատիկ-պապիկները ամեն օր խանութ կամ վարսավիրանոց չեն գնում, բայց ամեն օրվա համար հոսանքի ու գազի գումար են վճարում: «Հիմա էդ մարդկանց տալիս եք ինչ-որ գիտահետազոտական արդյունքներ, բայց ոչ` իրական օրենքներ»,-հավելեց պատգամավորը:
Վ. Այվազյանն արձագանքեց, թե պետք է բառերը հստակ ասել, ոչ թե բառախաղ խաղալ: Վերջինիս խոսքով` օրենքը կոչվում է սահմանամերձ գյուղական համայնքներին հարկերից ազատելու օրենք: «Չի կարելի օրենքի առաջին բառը կարդալ և դրա վրա կոնցեպցիա կառուցել: Օրենքը պետք է կարդալ և նոր մեկնաբանել»,- նկատեց Այվազյանը` շարունակելով, որ սույն օրենքը կառավարում է կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքները, ասել է, թե` օրենքով հաստատված համայնքները: «Օրենքը վերաբերում է այն գյուղերին, որոնք Սահմանադրությամբ են հաստատված»,- պարզաբանեց հարակից զեկուցողը:
Նա առաջարկեց նաև փաթեթի վերաբերյալ առաջարկները քննարկել: «Չի կարելի օրենքի կեսը կարդալ, կեսը` ոչ»,-ասաց Այվազյանը:
Ի պատասխան պատգամավոր Ն. Փաշինյանը ասաց հետևյալը. «Ուրեմն արտոնություն տալով` դուք մի թիզ արտոնություն եք տալիս, բայց դրանից ավելին քթներից հանում եք: Երկու օր քարոզում եք` սահմանամերձ գյուղերին արտոնություն եք տալիս, բայց ոչ մի բան էլ չեք տալիս: Տատիկ-պապիկների մասին մտածող լինեիք, չէիք թալանի նրանց, նրանց մասին մտածող լինեիք` նրանք նիսիաներ չէին ունենա խանութներում: Փողը տվեք էդ մարդկանց, տանեն նիսիաները փակեն, ոչ թե սահմանամերձ գոտիներով ձեր միլիարդները կրկնապատկեք»,- վրդովվեց ՀԱԿ պատգամավորը:
«Սահմանամերձ գոտիների օբյեկտները քեզ եմ տալիս: Հանգստացի»,-ասաց Վ. Այվազյանը: