22/10/2014 14:39
«Ռեկտորի սեքսուալ սկանդալից հետո համալսարանում լարված մթնոլորտ է»
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում լարված մթնոլորտ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը:
Նրա խոսքով՝ ինքը ամեն հարցում եղել է ռեկտորի ներկայացուցիչը, հենց ինքն է դիմում գրել «6-րդ վարչություն», սակայն այժմ իրեն ապահով չի զգում, քանի որ համալսարանի «աշխատասենյակներում չարտոնված խուզարկումներ են լինում»:
«Պոլիտեխնիկում ռեկտորի հանձնարարականով աշխատակազմի նոր ղեկավար Սամսոն Զատիկյանը, որը նախկինում 20 տարի աշխատել է ոստիկանական համակարգում, ոստիկանական մեթոդներով սկսել է ճնշումներ գործադրել մարդկանց վրա:
Նա, թեև կապ չունի ՏՏ ոլորտի հետ, սակայն փորձում է վարչությունում վերակազմակերպումներ իրականացնել»,-ասաց Վ. Խոյեցյանը:
Նրա խոսքով՝ ինքը դիմել է դատախազություն այս հարցով և իր աշխատակիցների հետ միասին անվտանգության խնդիր են տեսնում, քանի որ գիշերը մտնում են աշխատասենյակ և չի բացառվում, որ կարող են նրանց համակարգիչներից որևէ բան իրականացնել: Վ. Խոյեցյանը նշեց, որ երբ այս հարցով դժգոհել են, զեկուցագիր է հայտնվել, ըստ որի, դա եղել է ռեկտորի հանձնարարականը՝ ստուգել՝ արդյոք լույսերը և համակարգիչը միացրա՞ծ են մնացել:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ իրեն կասկածում են ռեկտորի սկանդալի հարցում, բանախոսը պատասխանեց, որ ինքը ամենաշատն է շահագրգիռ, որ իրեն չկասկածեն, քանի որ հենց ինքն է ռեկտորի IT անվտանգության պատասխանատուն:
Նախորդող հրապարակում՝ Ռեկտորի սեքսուալ սկանդալի գործը քննչական ակտիվ գործողությունների փուլում է