22/10/2014 16:31
«Հայ առաքելական եկեղեցու կանոնադրության որոշ հոդվածներ պատրաստ են»
Հայ առաքելական եկեղեցու կանոնադրության որոշ հոդվածներ արդեն պատրաստ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նրա խոսքով՝ արդեն ընդունված է Եկեղեցական ներկայացուցչական ժողովի կանոնադրությունը, ինչպես նաև վերջնական տեսքի է բերվում Գերագույն հոգևոր խորհրդին վերաբերող հատվածը, կընդգրկվեն նաև թեմերին վերաբերվող այն հոդվածները, որոնք ուժի մեջ են մտել:
Քահանան ասաց, որ սա միշտ եկեղեցու համար կարևորագույն խնդիր է եղել, սակայն ժամանակի սղության պատճառով չեն կարողացել ձեռնամուխ լինել կանոնադրության մշակմանն ու կազմությանը:
«Կանոնադրություն ունենալը անհրաժեշտություն է, քանի որ առանց դրա ցանկացած կառույց խոցելի է»,- ասաց նա:
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հերքեց այն խոսակցությունները, որ Մայր Աթոռը ցանկանում է Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքարաններն իջեցնել թեմերի մակարդակի: