22/10/2014 17:41
Ս. Ստեփանյան. Ձվի սպառման ծավալներն ավելացել են, գինը՝ էժանացել
«Ձուն չի թանկացել, այլ 4-5 դրամով էժանացել է»,- Aysor.am-ին ասաց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Նշենք, որ իրացման կետերից դժգոհություններ կային, որ ձուն, կարծես թե, թանկացման միտումներ ունի, երբ ձուն են պահանջում թռչնաբուծական ընկերություններից, պատասխանում են, որ քիչ է և այլն:
Ս. Ստեփանյանն ասաց, որ 0.1 ձվի բացթողնման գինը 62 դրամից նվազել է 57-58 դրամի՝ հերքելով, թե ձվի արտադրության պակաս կա:
«Ձվի արտադրության քանակներն ավելացնում ենք, ծավալները մեծացնում ենք, որ ներկրում չլինի»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ձվի գինը պահպանվելու է նույն մակարդակում անգամ Ամանորին:
Բացի այդ, Թռչնաբույծների միության նախագահը մեկ դիտարկում կատարեց, ըստ որի, վերջին շրջանում գրանցվում է ձվի իրացման ծավալների ավելացում. «Եթե մի քանի ամիս առաջ օրական իրացնում էինք 2050 արկղ ձու, ապա այսօր` 2300 արկղ»:
Ս. Ստեփանյանը հաղորդեց նաև, որ տարվա մեջ երկու անգամ` մարտին և սեպտեմբեր-հոկտեմբերին տեղի է ունենում թռչնագլխաքանակի փոփոխություն` ձվի արտադրությունը չդադարեցնելու համար:
Նա նաև նկատեց, որ հուշակեղենի արտադրությունն է սկսել իրենցից ամբողջական ձու պահանջել, իսկ մինչ այդ գնում էին կոտրված ձու, այսօր` ոչ. «Օրական 120-130 արկղ ձու միայն գնում են հրուշակեղենի արտարդությամբ զբաղվող ընկերությունները»:
«Ամանորին նախատեսել ենք սովորականից մեկ փչակ կամ 30 ձու ավելի արտադրություն` բնակչության շրջանում ձվի պահանջարկն ապահվելու համար»,- եզրափակեց խոսքը Սերգեյ Ստեփանյանը: