22/10/2014 19:58
«Անավարտ թռիչք». Նոր ֆիլմ՝ Հ1-ի և «Շարմի» նախաձեռնությամբ
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը և «Շարմ» հոլդինգը համատեղ ուժերով նկարահանում են գեղարվեստական ֆիլմ, որը կկոչվի «Անավարտ թռիչք»: Այս մասին գրում է Life.panorama.am-ը՝ հղում անելով դերասան Վարդան Հովսեփյանից, ով ֆիլմում կերպարանավորելու է գլխավոր դերակատարի մտերիմ ընկերոջը՝ Մարգարին:
«Ես հանդես եմ գալիս Մարգարի՝ գլխավոր հերոսի մտերիմ ընկերոջ դերում: Ըստ ֆիլմի, գլխավոր հերոսը բռնցքամարտիկ է: Ինչ-ինչ պատճառներով ընկերները որոշում են գողություն անել, բայց: Առաջին հայացքից ծնված սերը խանգարում է: Ասեմ, որ հետաքրքիր և անսպասելի վերջաբան է ունենալու ֆիլմը… մնացած մանրամասները՝ կինոթատրոններում»,-տեղեկացրեց դերասանը: Գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, ստեղծագործական կազմում ներգրավված են պրոֆեսիոնալ մասնագետներ, ինչն էլ հուսադրում է, որ որակն ապահովված կլինի: Գլխավոր դերակատարներն են Տիգրան Մակարյանը և Տաթևիկ Հովակիմյանը:
Մեզ հետ զրույցում Վարդան Հովսեփյանը նշեց և կարևորեց այն, որ «Անավարտ թռիչք»-ն անկեղծ ու մաքուր սիրո պատմություն է. «Սիրո շատ հետաքրքիր ու գեղեցիկ պատմություն է: Կցանկանամ, որ կյանքում վիրտուալ շփումը մի քիչ պակասի և մարդիկ ավելի շատ ժամանակ տրամադրեն միմյանց: Այլապես, այսօր քիչ է մնում մեր սիրահար զույգերը սրճարաններում էլ կողք-կողքի նստեն ու ինտերնետով շփվեն: Համոզված եմ, որ այս ֆիլմը մեծ հաջողություն է ունենալու՝ անկեղծության ու սիրային գեղեցիկ, ուսուցողական պատմության շնորհիվ: Ի դեպ, թեև դերասանն այսօր ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում՝ նկարահանվում է այս ֆիլմում, նաև «Ամնեզիա» հեռուստասերիալում, սակայն, չի դժգոհում.
«Գիտեք, կար մի ժամանակահատված, որ մասնագիտական զբաղվածություն չունեի: Անտանելի էր… Այնքան լավ է, երբ աշխատում ես: Երբ զբաղվածությունդ քիչ է լինում, ավելի շատ ես հոգնում, քան աշխատելիս: Երբեք չեմ զլացել աշխատելուց: Ավելի լավ է հոգնեմ, բայց պարապ անգործ չլինեմ… Խոսքը միայն ֆինանսի մասին չէ, հոգևոր աշխարհդ է լցվում: Գիտես՝ ինչի համար ես արթնանում, ինչ նպատակ ունես: Իսկ այ երբ սկսում ես մտածել՝ ի՞նչ անեմ, այդտեղ շատ բաներ եզրափակվում է»:
Նշենք, որ «Անավարտ թռիչք» ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարվա մեջ: Ստույգ ժամանակը հայտնի չէ, քանի որ աշխատանքները դեռևս շարունակվում են: Հաջողություն ենք մաղթում ամբողջ անձնակազմին՝ հուսալով՝ կինոդահլիճներից հեռանալ տպավորված: