22/10/2014 20:38
Թուրքիա-Ղազախստան նոր տրանսպորտային միջանցքը կանցնի Ադրբեջանով
«Silk Wind» ծրագրի շրջանակներում «Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա» ուղղությամբ նոր տրանսպորտային ուղու կյանքի կոչման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շահագործումից առաջ:
Այդ մասին հայտարարել է Ղազախստանի զարգացման և ներդրումների նախարարության տրանսպորտային հանձնաժողովի նախագահ Ասետ Ասավբաևը:
Նրա խոսքով, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի միջև տարանցիկ երկաթգծային և ծովային փոխադրումների մասին համաձայնագրերը արդեն իսկ համաձայնեցվել են Վրաստանում և Ղազախստանում: Այդ փաստաթուղթը այժմ ներպետական քննարկումների փուլում է Ադրբեջանում և Թուրքիայում:
«Silk Wind» նախագիծը թույլ կտա Չինաստանից դեպի Եվրոպա արտահանվող ապրանքների տեղափոխման ժամկետները 35 օրից կրճատել մինչև 12-14 օր:
Տարեկան նախատեսվում է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ արտահանել մինչև 10 միլիոն տոննա ապրանք: Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքիան և Վրաստանը «Silk Wind» նախագծի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել են դեռևս 2012թ.-ին:
Ղազախստանի կողմից առաջարկված «Silk Wind» նախագծի սխեման ենթադրում է Չինաստանից ապրանքների տեղափոխություն Կասպից ծովի ափին գտնվող ղազախական Աքթաու նավահանգիստ, այնտեղից լաստանավերով ապրանքների տեղափոխություն Բաքու, ինչից հետո երկաթծով մինչև Վրաստանի սևծովյան նավահանգիստներ:
Այդ ծրագրի կյանքի կոչման համար Ղազախստանը արդիականացրել է Աքթաու նավահանգիստը, իսկ Ադրբեջանը Բաքվի մերձակայքում կառուցում է նոր՝Ալյաթ նավահանգիստը, որը կապված է լինելու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթծին:
Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթի ավանում կառուցվող նավահանգիստը, որի շինարարությունը սկսվել է 2010 թ.-ին նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2015թ.-ը:
Տարեկան նոր նավահանգիստը կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ, Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ: Ղազախստանը և Ադրբեջանը նպատակ ունեն մոտակա ժամանակներս երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Ամանգելդի Ժումաբաևը:
Նա նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը երկրների միջև այսօրվա դրությամբ բավարար չէ և այն պետք է ավելացնել: Դեսպանի խոսքով, 2013թ.-ի դրությամբ ադրբեջանա-ղազախական ապրանքաշրջանառությունը կազմել է 400 միլիոն դոլար:
Տնտեսական համագործակցության հիմքը՝ գյուղատնտեսական ապրանքներին զուգահեռ, կազմում են նաև այլ ապրանքները: Ղազախական կողմը Ադրբեջան է արտահանում հիմնականում նավթ, գազ, քիմիական հումք, հացահատիկ, իսկ Ադրբեջանից Ղազախստան է ներմուծվում նավթամթերքներ, շինարարական կոնստրուկցիաներ և այլ ապրանքատեսակներ:
Ղազախստանը շահագրգռված է դիվերսիֆիկացնել իր նավթագազային ռեսուրսների արտահանման ուղիները և ցանկանում է օգտագործել ադրբեջանական նավթագազային, տրանսպորտային ենթակառուցվածքները`Բաքու-Թբիլիս-Էրզրում գազամուղը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և կառուցվող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը դեպի ԵՄ իր էներգակիրները արտահանելու և Ռուսաստանից իր կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից`Նոր Մետաքսի ճանապարհին միանալու համատեքստում:
Բացի տնտեսական, առևտրային կապերից, ադրբեջանա-ղազախական հարաբերությունների զարգացմանն նպաստում են նաև 2 երկրներում գործող հասարակական կազմակերպությունները` Ղազախստանի ադրբեջանցիների կոնգրեսը, որը ստեղծվել է 1992թ.-ի մայիսին և միավորում է երկրի 120.000-ոց ադրբեջանական համայնքը:
Չմոռանանք, որ մինչև 2015թ.-ը նախատեսվում է շահագործման հանձնել նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը և նախատեսվում է իրականացնել «Կարս-Նախիջևան» երկաթգծի շինարարությունը:
Պետք է հաշվի առնել նաև, որ Ռուսաստանը չի ցանկանում թույլ տալ ղազախական և թուրքմենական նավթի և գազի այլընտրանքային ուղիներով՝ Ադրբեջանով արտահանումը դեպի Արևմուտք, ինչը կթուլացնի այդ երկրների տարանցման և քաղաքական կախվածությունը Մոսկվայից, ինչպես նաև կուժեղացնի արևմտյան անդրազգային ընկերությունների ազդեցությունը ռուսական կենսական շահերի տարածք համարվող Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում: