22/10/2014 17:28
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը ասաց, որ հույս ունի, որ Վճռաբեկ դատարանը գործը վարույթ կընդունի և կվերացնի թույլ տված կոպիտ խախտումները, հակառակ դեպքում իրենք կդիմեն ՄԻԵԴ:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով կայացված դատավճիռը, որով վերջինս դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ա. Մ.-ի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 33651 զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ա. Մ.-ի որդի Ա. Մ.-ին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ա. Մ.-ից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ա. Մ.-ն հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:
Նախորդող հրապարակում՝ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը կդիմի ՄԻԵԴ, եթե Վճռաբեկը չբավարարի իր բողոքը
Վ. Ավետիսյանի պաշտպան. Դատարանը անտեսեց օրենքը և կամայական որոշում կայացրեց