23/10/2014 18:20
Սահմանամերձ գյուղերի հարկերի մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Ազգային ժողովը քիչ առաջ քվեարկության դրեց «Սահմանամերձ գյուղերի հարկային օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Մինչ օրինագծի քվեարկությունն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դահլիճ հրավիրեց իր գործընկերներին, քանի որ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերն ԱԺ դահլիճում չէին:
Վարման կարգով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկում, իսկ եթե իրենց կողմից հնչեցված առաջարկությունները չընդունվեն, երկրորդ ընթերցմամբ դեմ կքվեարկի նախագծին:
ՕԵԿ խմբակցությունից Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց, որ ՕԵԿ-ը որոշ վերապահումներով կողմ է քվեարկում նախագծին, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ քվեարկության դրվող փաթեթը կապ չունի այն մոտեցումների հետ, որոնք իրենք են ցանկանում տեսնել:
«Այդ ամենը հաշվի առնելով` մենք դեմ ենք քվեարկում նախագծին»,- հայտարարեց նա:
Նշենք, որ օրինագիծը 86 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց:
Օրինագծին բացի «Ժառանգություն» խմբակցությունից, դեմ քվեարկեցին նաև ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: