23/10/2014 13:43
Ամատունի Վիրաբյան. 100-ամյա տարելիցով ամեն ինչ նոր է սկսվում
100-ամյակով ոչինչ չի ավարտվում, 100-ամյակով ամեն ինչ նոր է սկսվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումները:
Արխիվի տնօրենի խոսքով՝ նախ պետք է դեպքերին առնչվող բոլոր փաստաթղթերը հրատարակել 3 լեզվով, որից հետո հատորների շարք հրատարակել՝ մեր կրած նյութական մշակութային կորուստների մասին:
«Մեր հաջորդ նպատակն է՝ թեկուզ ևս 100 տարի անց, բայց ունենալ մի ամբողջական շտեմարան, որում ներառված կլինեն ցեղասպանության ընթացքում սպանված մարդկանց տվյալները: Դեռևս մոտ 1000 մարդու տվյալ ունենք, մինչ այդ հրեաները կարողացել են 6 մլն մարդու տվյալով նմանատիպ շտեմարան կազմել»,- ասաց Ամատունի Վիրաբյանը:
Նա ընդգծեց, որ մենք պետք է ապացուցենք, ոչ միայն Ցեղասպանության իրողությունն, այլև՝ ցույց տանք, որ դրանից հետո էլ՝ ապրում ենք:
«Ցեղասպանությունից փրկված շատ մարդիկ հետագայում աշխարհահռչակ են դարձել տարբեր ոլորտներում: Ցանկանում ենք աշխարհին ներկայացնել 100 հայի, ովքեր փրկվել են ցեղասպանությունից ու հաջողության հասել: Նման օրինակներից է Արշիլ Գորկին»,- ասաց Ամատունի Վիրաբյանը: