23/10/2014 14:35
Պետական պարտքը երրորդ եռամսյակի դրությամբ նվազել է
Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է որոշ պարտքային ցուցանիշների նվազման միտումներ: Ըստ Ֆինանսների նախարարության պետական պարտքի ամսական տեղեկագրքի, եթե 2013թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 մլրդ. 588 մլն. դոլլար, ապա սեպտեմբերի վերջին այն կազմել է 4 մլրդ. 449 մլն. դոլլար, որտեղ այն նվազել է 2,3%-ով:
Պետական պարտքի կառուցվածքում Կառավարության պարտքը կազմել է 90%-ը կամ 3 մլրդ. 998 մլն. դոլլար, որտեղ իր հերթին արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ. 272 մլն. դոլլար (81,8%), իսկ ներքին պարտքը՝ 726,1 մլն. դոլլար (18,2%): Կենտրոնական Բանկի արտաքին պարտքը կազմել է 451,6 մլն. դոլլար կամ ընդհանուր պետական պարտքի 10%-ը:
Տարվա ընթացքում նկատվել է նաև Կառավարության արտաքին պարտքի նվազում 118 մլն. դոլլարով կամ 3,5%-ով, սակայն ներքին պարտքը աճել է 36,7 մլն. դոլլարով կամ 5,3%-ով: Նվազել է նաև ԿԲ-ի արտաքին պարտքը 11,2%-ով: Կառավարության արտաքին պարտքը նվազել է հիմնականում վարկերի և փոխառությունների (87 մլն. դոլլար) և արտարժութային պետական պարտատոմսերի (31 մլն. դոլլար) պարտավորությունների նվազման պատճառով:
Եթե Կառավարության ներքին պարտքում գերակշռում են ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը, որոնք կազմել են 682 մլն. դոլլար, ապա Կառավարության արտաքին պարտքում գերակշռում են վարկերը և փոխառությունները, որոնք կազմում են 2 մլրդ. 606 մլն. դոլլար, որն ընթացիկ տարում ինչպես նշեցինք նվազել է 3,2%-ով և ոչ ռեզիդենտների կողմից ձեռքբերված արտարժութային պետական պարտատոսմերը՝ 664,2 մլն. դոլլար, որը ընթացիկ տարում նվազել է 4,4%-ով:
Մեր երկրի համար պետական պարտքի ձևավորման հիմնական աղբյուրերն են՝ 1. արտաքին վարկերը և փոխառությունները միջազգային ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից, 2. արտարժութային պետական պարտատոմսերը, 3. պետական գանձապետական պարտատոմսերը: Կառավարության պարտքի կառուցվածքում արտաքին վարկերը և փոխառությունները կազմում են 65,2% (միջազգային կազմակերպություններ - 82,8%, օտարերկրյա պետություններ - 16,6%), ապա արտարժութային պետական պարտատոմսերը՝ 17,5% և պետական գանձապետական պարտատոմսերը՝ 17,1%:
Իսկ Կառավարության արտաքին վարկերի և փոխառությունների կառուցվածքում Համաշխարհային բանկի վարկերը կազմում են մոտ 57,5%, որտեղ Համաշխարհային բանկի խմբի մեջ գտնվող Զարգացման միջազգային ընկերակցության կողմից (IDA) տրամադրված վարկերը և փոխառությունները կազմել են 1,2 մլրդ. դոլլար կամ ամբողջի 46,9%-ը, իսկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) կողմից տրամադրված արտաքին վարկերի և փոխառությունների ծավալը կազմել է 266 մլն. դոլլար կամ 10,6%-ը։ Օտարերկրյա պետությունների վարկերի կառուցվածքում պարտքի հիմնական մասը բաժին է ընկնում Ճապոնիային 10,6%-ը կամ 266 մլն. դոլար և Գերմանիային (KfW բանկին)` 4,6%-ը կամ 122,5 մլն. դոլար։
Կառավարության պարտքում գերակշռում են արտարժույթով արտահայտված պարտքերը, որոնք կազմում են 82,9%, որտեղ SDR-ի բաժինը կազմում է 40,8%, ամերիկյան դոլլարը 27,9% և եվրոն 7,1%:
Նշենք, որ արտաքին վարկերի և փոխառությունների պարտքի միջին տոկոսադրույքը բավականին ցածր է և կազմում է 1,07%, ի տարբերություն պետական գանձապետական պարտատոմսերի, որոնց պարտքի միջին տոկոսադրույքը կազմում է 13,6% և արտարժութային պետական պարտատոմսերի, որոնց պարտքի միջին տոկոսադրույքը կազմում է 6,25%, իսկե ներքին վարկերի և փոխառություններինը` 3,82%: Հայկական դրամով պարտքերը կազմում են 17,1%:
Օտարերկրյա վարկերի (թեկուզև ցածր տոկոսադրույքով) ռիսկերը հիմնականում կախված են արտարժույթի փոխարժեքի փոփոխության հետ, իսկ օտարերկրյա պետությունների վարկերի հիմնական ռիսկը կապված է նաև Libor-ի տոկոսադրույքի փոփոխման հետ:
Հաշվի առնելով արտարժույթի փոխարժեքի փոփոխման ռիսկերը, անհրաժեշտ է աստիճանաբար նվազեցնել պետական պարտքի կառուցվածքում արտարժույթով ներկայացված պետական պարտքերի տեսակարար կշիռը, քանի որ ազգային արժույթի արժեզրկման դեպքում պետական պարտքի բեռը զգալիորեն մեծանում է (ինչպես տեղի ունեցավ 2008 թվ.-ին):
Կառավարության պարտքում ֆիքսված տոկոսադրույքով վարկերը գերիշխում են և կազմում են ընդհանուրի 91,3%-ը, իսկ լողացող տոկոսադրույքով վարկերը կազմում են 8,7%: Պետական գանձապետական պարտատոմսերի կառուցվածքում գերիշխում են միջնաժամկետ 52% և երկարաժամկետ 43,7% պարտատոմսերը:
Արտաքին վարկերի մարման մնացած միջին ժամկետը կազմում է 11,8 տարի, պետական գանձապետական պարտատոմսերինը՝ 5,7 տարի և արտարժութային պետական պարտատոմսերինը՝ 6 տարի:
Այս տարի պետական բյուջեից ՀՀ կառավարության պարտքի գծով հունվար-սեպտեմբերի վճարված 50,33 մլրդ դրամի տոկոսավճարների 50%-ը ուղղվել են արտաքին տոկոսավճարների մարմանը, 50%-ը ներքին տոկոսավճարների վճարմանը, դա էլ հիմնականում պետական գանձապետական պարտատոմսերի մարմանը:
Իսկ արտաքին տոկոսավճարների կեսից ավելին ուղղվել է արտարժույթով պետական պարտատոմսերի մարմանը, իսկ մնացած մասը արտաքին վարկերի մարմանը: Հունվար-սեպտեմբերի դրությամբ Կառավարության կողմից արտաքին վարկերի սպասարկումը կազմել է՝ մայր գումարի մարում 79,2 մլն. դոլլար և տոկոսավճարներ 20 մլն. դոլլար: Միաժամանակ ստացվել է 91,7 մլն. դոլար նոր վարկային միջոցներ: ԿԲ-ը մարել է 77,5 մլն մայր գումարի պարտքեր և 3,2 մլն տոկոսավճար, ձեռք է բերել 40,9 մլն դոլլարի վարկային միջոցներ:
Վերջերս համաշխարհային ֆինանսական կառույցների ղեկավարների հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին մոտակա տարիներին մեր երկրին ավելի քան 700 մլն. դոլլարի նոր վարկերի և փոխառությունների տրամադրման վերաբերյալ, որոնք ուղվելու են տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքների բարելավման և այլ սոցիալ-տնտեսական ծրագերի իրականացման վրա: Բացի այդ, անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանում թողարկեցին 7 տարի ժամկետով, 6% եկամտաբերությամբ 700 մլն. դոլլարի եվրապարտատոմսեր, որոնք մարվելու են 2020 թ.-ին և դա այդ թվականին լուրջ խնդիր է լինելու մեր երկրի տնտեսության համար: Երբ պարտքն ինչ-որ ծավալ գերազանցում է, դրա սպասարկումը բեռ է դառնում կամ տնտեսությունից մեծ միջոցներ է խլում: Հիշեցնենք, որ 2013թ.-ին արտաքին պետական պարտքի գծով վճարումները կազմել են՝ 624 մլն դոլլար: Այդ վճարումները այս տարի ևս բարձր կլինեն: Բնականաբար 2008թ.-ից հետո արտաքին պարտքի ծավալների կտրուկ աճի ավելացման ֆոնի վրա, նորից արդարացի հարցադրումներ են առաջանում օտարերկրյա ֆինանսական կառույցներից կախվածության մեծացման, պետական արտաքին պարտքի զգալի մեծացման և դրա սպասարկման խնդիրների, դրա արդյունքում մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացման և ամենակարևորը այդ վարկերի արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով բազմաթիվ պարզաբանումներ են տրվել, որ պետական պարտքի կառավարումը վերահսկելի է և տնտեսական հավասարակշռությունը չի կարող խախտվել, քանի որ պետական պարտքի կայունության գնահատման ցուցանիշները դեռևս թույլատրելի սահմաններում են:
2013 թվ.-ին պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը կազմել է 44%: ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը կազմել է 508.3 մլն. դոլլար կամ ՀՆԱ-ի 4.8%-ը: ՀՀ արտաքին պետական պարտքը բնութագրող այլ կարևոր ցուցանիշներից են՝ ՀՀ արտաքին պետական պարտքի ԶՆԱ/ՀՆԱ-30%, ՀՀ արտաքին պետական պարտքի ԶՆԱ/արտահանում - 130%, ՀՀ արտաքին պետական պարտք/արտահանում-145%: Նշենք նաև ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը բնութագրող ցուցանիշները՝ ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկում/արտահանում-30%, ՀՀ արտաքին պետական պարտքի տոկոսավճար/արտահանում-32% և ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկում/պետբյուջեի եկամուտներ-2,5%: Թեև կարելի է ասել, որ ըստ այս ցուցանիշների Հայաստանի պարտքային իրավիճակը վտանգավոր չէ, քանի որ դրանք հիմնականում գտնվում ենք պարտքային ցածր կամ միջին բեռ ունեցող ցուցանիշների տիրույթում (ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի չափորոշիչների), սակայն դա դեռ հիմք չի նոր վարկերի համար: Գաղտնիք չէ, որ այդ ցուցանիշները կարող են նաև իրավիճակի և ռիսկերի վերաբերյալ օբյեկտիվ պատկեր չտալ և ապակողմնորոշեն իրական վտանգները:
Այս դեպքում շատ կարևոր է հաշվի առնել մեր երկրի տնտեսական և ֆինանսական ներուժը և առանձնահատկությունները: Պարտքի ժամկետայնությունը (կարճաժամկետ, երկարաժամկետ), արժույթի տեսակը, տոկոսադրույքը բնականաբար նույնպես կարևորվում են: Կարճաժամկետ, բարձր տոկոսադրույքով պարտքերը ավելի դժվար է սպասարկել և բարեբախտաբար մեր պարտքերի կառուցվածքում հիմնականում գերակշռում են երկարաժամկետ օտարերկրյա վարկերը: Որոշ դեպքերում նպատակահարմար է ավելի բարձր տոկոսադրույքներով ներքին պարտք ձեռք բերել, քան ցածր տոկոսադրույքներով արտոնյալ արտաքին վարկեր: Ունենք զգալի պետական գանձապետական պարտատոմսեր, որոնք ունեն բարձր տոկոսադրույք և դրանց սպասարկումը շատ թանկ է և կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Սակայն դրամով վարկերը ավելի հեշտ է սպասարկել, քան արտարժույթով վարկերը:
Գաղտնիք չէ, որ պետական պարտքը կարող է ինչպես նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, եթե այդ ռեսուրսները արդյունավետ են օգտագործվում, այնպես էլ վտանգի ենթարկել տնտեսությանը, եթե պարտքի սպասարկման ու մարման ծախսերը մեծ են: Ամփոփելով, նշենք, որ պետք է նվազեցնել ՀՀ պետական արտաքին պարտքի մեծությունը, առաջին հերթին արտաքին աղբյուրներից պարտքերի ծավալների նվազեցման հաշվին:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
19/04/2024 17:37